
Լաոսի ռազմական օդուժի ինքնաթիռը, որով թռչում էին բարձրաստիճան զինվորականներ, վթարվել է երկրի հյուսիսում, հայտնում է РИА Новости-ին: Երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի տվյալներով, վթարված ինքնաթիռում էին պաշտպանության նախարարը տիկնոջ հետ, հասարարական անվտանգության նախարարը, կառավարության գրասենյակի պետի տեղակալը և Վյենտյան մայրաքաղաքի քաղաքագլուխը:
Ըստ տեղեկությունների, վթարվել է Ան-74 ինքնաթիռը, որը վերջերս ձեռք էր բերվել Լաոսի կողմից VIP անձանց տեղափոխման համար: Անձնակազմի հետ միասին ինքնաթիռում էին 18 մարդ, որոնցից կենդանի են մնացել երեքը, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան:
ԱՆ-74-ի ուղևորները մեկնում էին ռազմական շքերթի, որը պետք է անցկացվեր Լաոսի Ժողավրդական բանակի ստորաբաժանումներից մեկի տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, վթարված ինքնաթիռը պատրաստվել էր Խարկովի պետական ավիագործարանում: 2009թ.-ին այն փոխանցվել էր Լաոսին: