Սուրեն Խաչատրյանն անելու է ամեն ինչ` նախկին սցենարը կրկնելու համար. Ս. Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին  գորիսեցիները քաղաքապետ կընտրեն: Քաղաքագլխի պաշտոնի համար պայքարում  է  4 թեկնածու` «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Արա Բուդաղյանը, Վաչագան Ադունցը  և  անկուսակցական Հրայր Յոլյանը: 

Գորիսի նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ  քանի դեռ Սյունիքում շարունակում է իր ազդեցությունը պահպանել, իր խոսքերով, տխրահռչակ Լիսկան, ապա արդար ընտրությունների մասին խոսելն անիմաստ է:

«Սուրեն Խաչատրյանն անելու է առավելագույնը` կրկնելու քաղաքապետի նախորդ ընտրությունների սցենարը»,- կարծում է նախկին քաղաքապետը:

Ըստ Խաչատրյանի` Գորիսին անհրաժեշտ է ազգային-ազատագրական պայքար, գորիսեցիներին  անհրաժեշտ է լիցքավորվել և  հավաքական ընդվզման ճանապարհով վերջակետ դնել Լիսկայի արյունոտ տիրապետությանը:

Սամվել Հարությունյանի  համար կարևոր են ոչ այնքան ընտրությունները, քանի որ նախ  թեկնածուներին անձնապես չի ճանաչում, որքան գորիսեցիների արդարամտությունն ու վճռականությունը: Նախկին քաղաքապետը պատրաստվում է կոչով հանդես գալ և իր խոսքն ուղղել գորիսեցիներին, որպեսզի նրանք հավաքվեն և  ազատվեն Սուրեն Խաչատրյանի տիրապետությունից:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դիրքորոշմանը կայանալիք ընտրություններին` Գորիսի նախկին քաղաքապետն ասաց, որ  կցանկանար,  որ Վահե Հակոբյանը ևս լիսկայաթափման գործընթաց սկսեր, սակայն ջանքեր նրա կողմից Սամվել Հարությունյանը չի տեսնում:

Հարությունյանի համար դեռ պարզ չէ նաև Գորիսի քաղաքապետի աթոռի համար պայքարողները ընտրապայքարի են գնում, թե՞  ազատագրական պայքար սկսելու հրամայականին են  ենթարկվում:

Սոնա Դավթյան




Լրահոս