Զինծառայողների ծնողներն այցելել են սահմանամերձ զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու եւ տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի եւ ՀՀ հարավարեւելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղեւորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ:

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ է մաղթել Երեւանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանն անձամբ շրջել է ավտոբուսներում, ծանոթացել ապահովված պայմաններին: Զրուցելով ծնողների հետ՝ քաղաքապետը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնելու եւ աջակցելու երեւանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցկացնելու հարցում:

Ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները եւ ավտոբուսներում էլ ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ծրագրին աջակցելու եւ զորամասերում հանդիպումները կազմակերպելու համար: Հայաստանի հարավարեւելյան սահմաններ ուղեւորվող ավտոբուսները մեկնել են մայիսի 16-ի ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից, իսկ Տավուշի եւ Սյունիքի մարզեր ուղեւորվող ավտոբուսները մայիսի 17-ի վաղ առավոտյան:




Լրահոս