ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարում կրկին ինչ-որ խլրտոցներ են սկսվել, եւ որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվանում են ներքին հակասությունները: Այս ամենն առաջին հերթին դրսեւորվում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մակարդակում, իսկ այդ հարաբերությունները, ինչպես հայտնի է, այնքան էլ բարիդրացիական չեն:
Առայժմ իշխանական ճամբարում ամեն ինչ ընթանում է թաքնված ձեւով: Տեղի են ունենում առաջին հայացքից աննշան, մանր իրադարձություններ: Օրինակ` ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանը: Իսկ պատճառաբանությունն էլ, թե ինքը ծառայել է գլխավոր նպատակին` պետության կայացմանն ու ամրապնդմանը: «Հրապարակ» օրաթերթին նա ասել է. «Էս համոզմունքով էլ ես 2008թ-ին իմ ձայնը տվել եմ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Հիմա էլ կոալիցիան իրա գործն արդեն կատարել է, ես էդպես եմ մտածում, շատերն էլ են տենց մտածում, եւ չեմ ուզում ուրիշ քայլերի դիմեմ»: Այս իրադարձությունն, իհարկե, ուղղակիորեն չի վկայում իշխանական ճամբարում տիրող վիճակի, սրված հարաբերությունների մասին: Բայց երբ նման փոքր իրադարձությունները դրվում են կողք կողքի, պատկերն ամբողջանում է: Դեռ նախորդ տարվա վերջերին բոլորովին անսպասելի կերպով պատգամավորական մանդատից հրաժարվեց ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը` պատճառաբանելով, թե անցնում է այլ աշխատանքի` շարունակելով զբաղվել բժշկությամբ: Հետո` դեկտեմբերին, ԲՀԿ-ից դուրս եկավ Ջանֆիդա գյուղի գյուղապետը: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Անահիտ Հարությունյանն էլ հարցազրույց էր տվել «Ժողովուրդ»-ին` սպառնալով, որ եթե ԲՀԿ-ն չսատարի Սերժ Սարգսյանին, ինքը կլքի կուսակցությունը: Այդ ամենից բացի, թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալվեցին ԲՀԿ-ականներ, որոնք ազատ արձակվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադարձից հետո: Չհաշված այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը պարբերաբար ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի ու մյուս ԲՀԿ-ականների օբյեկտներում: Այս բոլոր իրադարձությունները համագումարի բերելով` դժվար է օրինաչափություններ ու միտումներ չտեսնելը: Ընդ որում, այդ օրինաչափությունների հետեւում զգացվում է Սերժ Սարգսյանի ու նրա փեսա Միքայել Մինասյանի շունչը:
Սրան զուգահեռ, այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը խոսեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին, ԲՀԿ-ականները հիշեցին` 2007թ. իրենց կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրել են նման մի դրույթ, ուղղակի առայժմ նպատակահարմար չէ դրան անցնելը: Քաղաքականության մեջ, ինչպես ասում են, պատահականություններ չեն լինում, ու ԲՀԿ-ն եւս հազիվ թե պատահաբար հիշեց դեռ 2007թ. ընդունած իր ծրագիրը: Միայն թե առայժմ դժվար է միանշանակ ասել` իշխանություններն այսպես ԲՀԿ-ին կամաց-կամաց ընդդիմադիր դա՞շտ են գործուղում, թե՞ կատարվող իրադարձությունները պայմանավորված խաղերի արդյունք չեն:
ԲՀԿ-ականները չեն հերքում, որ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելը, գյուղապետի, փոխքաղաքապետի` ԲՀԿ-ից դուրս գալն ու մյուս բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի մասեր են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ կատարվածից պետք չէ ողբերգություն սարքել: «Հզորների շուրջ են պրոցեսները կառուցվում: Դրանով ամեն ինչ ասված է»,-նշեց նա: Իսկ թե ում է ԲՀԿ-ն տեսնում այս պրոցեսների հետեւում, Ծառուկյանի խոսնակը չցանկացավ չակերտները բացել. «Ամեն դեպքում, մենք փաստերն ուսումնասիրում ենք, վերլուծություններ կատարվում են, իրավիճակը վերահսկվում է: Երբ կլինի համապարփակ պատկեր, մենք այդ մասին բարձրաձայն կասենք»: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը կատարվող իրադարձությունները վերագրեց նախընտրական ժամանակահատվածին: «Ինչպես գիտեք` արդեն նախընտրական ժամանակահատված է, եւ այդ ժամանակ լարվածությունը մեծանում է` նայած ինչ ամպլիտուդայով: Եւ կան մարդիկ, որ սրում են այդ իրավիճակը»,-նշեց նա: Բոստանջյանի խոսքերով` անհիմն հետապնդումները, կեցվածք ընդունելը եւ նման բաները սին են. «Եւ այդ ամենի հետեւում ինչ-ինչ ուժեր են կապված: Ամեն դեպքում, ողբերգություն պետք չէ սարքել դրանից, այլ հարկավոր է ըմբռնումով մոտենալ»:
Մի խոսքով, ամեն ինչ դեռ առջեւում է, եւ առաջիկայում այս ամենը գնալով նորանոր դրսեւորումներ է ստանալու: Իրոք, հարկավոր է ըմբռնումով մոտենալ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս