
Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի քառյակն այսօր անցկացրել է հերթական դռնփակ նիստը: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց քննարկված հարցերը:
«Առաջինը կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման հարցն էր: Բավական բովանդակալից քննարկումներ եղան և չորս խմբակցությունների տեսակետները բավականին մոտ էին իրար և մենք հույս ունենք, որ այդ օրը հանդես կգանք միասնական դիրքորոշմամբ», – նշեց նա:
Զուրաբյանը նշեց, թե կեղծված ընտրություններով եկած այս իշխանությունն ընդհանրապես իրավունք չունի Կառավարություն ձևավորել:
«Նա ձախողել է բոլոր ծրագրերը և իրավունք չունի կառավարություն ձևավորել: Մենք ոչ թե մերժում ենք միայն այս Կառավարությունը, այլ ընդհանրապես այս իշխանության կողմից որևէ նախաձեռնություն», – ընդգծեց նա, հավելելով, թե քննարկումները գնացել են հիմնականում քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշում արտահայտելու վերաբերյալ: