Հունվարի 18-ին` ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել Գյումրիում: Ավտովթարի հետեւանքով մահացել է Գյումրու բնակիչ 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանը: Դեպքը տեղի է ունեցել Մուշ-2 թաղամասից դեպի Մայիսյան տանող փողոցում: Գեւորգը եղբոր` Լեւոն Կիրակոսյանի հետ աշխատանք փնտրելու նպատակով որոշել է ոտքով գնալ Մայիսյան համայնք, եւ երբ հատել են փողոցը, BMW մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գեւորգին: Վերջինս նախքան շտապօգնության աշխատակիցների` դեպքի վայր ժամանելն արդեն մահացել է:
Շիրակի մարզի քննչական բաժնից ստացված տեղեկությունների համաձայն` BMW մակնիշի 29612 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Հրանտ Ղարիբի Ներսիսյանն է՝ ծնված 1991 թվականին: Նա դեռեւս ձերբակալված չէ, սակայն հայտնի է, որ արդեն հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Ճանապարհը չլուսավորվող է, բացի այդ, այսօր մառախլապատ էր: Նաեւ արագընթաց ճանապարհ է: Այս ամենը պատահարների համար շատ նպաստավոր է: Դա է պատճառը, որ այս ճանապարհի վրա, որտեղ վթարներ հաճախ են լինում, մենք կարգախումբ ունենք, որն ինչ-որ ձեւ կարող է զսպել, բայց ոչ իսպառ վերացնել վրաերթերը կամ վթարները»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Գեւորգ Կիրակոսյանն անապահով ընտանիքից էր: Նրան ճանաչողների պատմելով` տան հոգսն ընկած է եղել հենց նրա վրա: Ապրել է մոր եւ եղբոր հետ: Հիմնականում զբաղվել է շինարարական գործերով:
ԱՎՏՈՎԹԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ