Շիրակի մարզի որոշ համայնքներում` Պեմզաշեն, Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու: Թեկնածուներն արդեն առաջադրված են, ԸԸՀ-ներն էլ գրանցել են նրանց անունները:
Գյուղապետ դառնալու գրավական է համարվում ՀՀԿ անդամատոմս ձեռք բերելը, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցության հարող գյուղապետերին ժամանակ առ ժամանակ «մեսիջներ» են ուղարկվում, որ եթե չդառնա ՀՀԿ-ական, ապա տվյալ համայնքը որեւէ ծրագրից չի օգտվի, եւ գյուղական այդ բնակավայրում ներդրումներ չեն լինի: Այնպես որ, թե՛ գյուղապետի, թե՛ համայնքի համար շահավետ է դառնում ՀՀԿ-ի անդամատոմսը, ուստի զարմանալի չէ այն հանգամանքը, որ մարզի գործող գյուղապետերի մեծամասնությունը ՀՀԿ անդամ է: Հանրապետականներ են նաեւ առաջադրված թեկնածուներից շատերը:
Եւ այսպես, Շիրակի մարզի Նահապետավան համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են անկուսակցական Գոռ Պետրոսյանը եւ համայնքի ղեկավար ՕԵկ-ական Սաշա Վարդանյանը: Բասեն համայնքի թեկնածուներն են ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը եւ նրա տեղակալ, անկուսակցական Արշակ Խաչատրյանը: Վահրամաբերդում թեկնածուները երկուսն են` հանրապետական Աղվան Մարտիրոսյանը եւ անկուսակցական Սեդրակ Գեւորգյանը: Գեղանիստում գյուղապետի պաշտոնի համար մրցում են 3 հոգի` ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանը, համայնքի ղեկավար, անկուսակցական Աղասի Ղազարյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Մանվել Ղազարյանը:
Այն, որ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի ղեկավարներից շատերը հանրապետական են, ՀՀԿ ներկայացուցիչները շատ նորմալ են համարում: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով բնական է, որ նման իրավիճակ է տիրում. «Գործող քաղաքական ուժերը, բնական է, որ փորձելու են ավելի ակտիվ աշխատել, որպեսզի ժողովրդի մոտ ունենան լավ վարկանիշ»:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից գյուղապետի թեկնածուներ չկան: ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը դա մեկնաբանեց այսպես. «Նախ` մարդը պետք է պատրաստ լինի էդ պաշտոնը ստանձնել: Այսօր, գիտենք, թե հատկապես գյուղերում ինչքան ծանր է իրավիճակը, գուցե շատ-շատերը խուսափում են այդ ծանրությունը վերցնել իրենց վրա»:
Այն, որ առաջադրված թեկնածուների հետ մրցում են հիմնականում վերջիններիս անկուսակցական տեղակալները, պատահական չէ: Փոփոխված Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ պարտադիր պետք է լինի մրցակցություն, հետեւաբար թվարկված համայնքներում ձեւականորեն են ապահովել երկրորդ կամ երրորդ թեկնածուի գրանցումը: Չի բացառվում, որ նախքան ընտրությունները, առաջադրված անկուսակցական թեկնածուները հրաժարվեն պայքարից եւ սատարեն ՀՀԿ թեկնածուին:
Գյումրի