ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28.12.2011թ.-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-339) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-341) ՀՀ օրենքները, որոնք 29.12.2011թ.-ին ստորագրվել են ՀՀ Նախագահի կողմից, 09.01.2012թ.-ին հրապարակվել Պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ են մտնելու 19.01.2012թ.-ից:
ՀՕ-339 ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ «Փաստաբանական գործունեությունը» հոդվածը կունենա հետեւյալ խմբագրությունը`
«1. Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը եւ ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների եւ շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով:
2. Փաստաբանը կարող է իրականացնել հետեւյալ գործունեությունը`
1) խորհրդատվություն, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).
2) ներկայացուցչություն, ներառյալ` ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).
3) քրեական գործերով պաշտպանություն.
4) օրենքով նախատեսված դեպքում եւ կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`
1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպեu նաեւ ամուuնու կամ ամուuնու ծնողի, փեuայի կամ հարuի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.
2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի:
4. Սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը:
5. Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության»:
ՀՕ-341 օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39 հոդվածի պահանջները չեն փոփոխվել, իսկ 40 «Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում» հոդվածի 1-ին մասը կունենա հետեւյալ խմբագրումը` «Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:
Նախ նկատենք, որ մինչեւ ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքների ուժի մեջ մտնելը, յուրաքանչյուր ոք, ով ուներ քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի կողմից իրեն տրված լիազորագիր, որպես ներկայացուցիչ կարող էր դատարանում ներկայացնել նրանց իրավունքները եւ շահերը:
Նշենք նաեւ, որ քաղաքացին կամ իրավաբանական անձի ղեկավարը ՀՀ վարչական դատարան,  ՀՀ Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կարող են դիմել անձամբ կամ ցանկացած (փաստաբան կամ իրավաբան չհանդիսացող) քաղաքացու միջոցով` նրան տալով պատշաճ վավերացված լիազորագիր:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 78 «Տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչները» հոդվածի պահանջներից հետեւում է, որ քրեական դատավարությունում որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները եւ դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք: Ներկայացուցչի մասնակցությունը քրեական գործով վարույթին դադարում է այն դեպքերում, եթե նրանց լիազորությունները դադարեցվում են համապատասխանաբար տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կողմից, կամ որպես այդպիսին նշանակված փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչը հրաժարվել է քրեական գործով վարույթին հետագա մասնակցությունից:
Առաջանում են հարցադրումներ. եթե քաղաքացին կամ իրավաբանական անձի ղեկավարն իրավունք ունեն վարչական դատավարությունում անձամբ կամ ոչ փաստաբանի միջոցով վարելու իրենց գործերը, ապա ինչո՞ւ նրանք նույնը չեն կարող իրականացնել քաղաքացիական դատավարությունում, կամ` եթե փաստաբան կամ իրավաբան չհանդիսացող քաղաքացին կարող է որպես տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ հանդես գալ քրեական դատավարությունում, ապա ինչո՞ւ որպես ներկայացուցիչ չի կարող հանդես գալ քաղաքացիական դատավարությունում:
ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 20 հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք»:
Ակնհայտ է, որ արդեն իսկ ներկայացված դեպքերում (մինչեւ օրենքներում փոփոխություններ կատարելը) ապահովված են եղել քաղաքացու եւ իրավաբանական անձի` ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 20 հոդվածով ամրագրված իրավունքները, նրանք իրավունք են ունեցել իրավաբանական օգ-նություն ստանալ, դատարանում եւ այլ պետական մարմինների առջեւ իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ իրենց վստահելի քաղաքացու (ոչ փաստաբանի կամ ոչ իրավաբանի) միջոցով:
ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասը ստանում է հետեւյալ մեկնաբանությունը` յուրաքանչյուր ոք իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանությունը քաղաքացիական դատարանում պարտավոր է իրականացնել փաստաբանի միջոցով, բացառությամբ ՀՕ-339 օրենքի 5 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված դեպքերի: Այսինքն` քաղաքացու եւ իրավաբանական անձի` ՀՀ Սահմանադրության 18 հոդվածում ամրագրված` դատարանում «իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»-ը դառնում է իրավական պաշտպանությունը փաստաբանի միջոցով կատարելու պարտականություն:
ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:
Առաջանում է հարցադրում. ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել, որ քաղաքացին կամ իրավաբանական անձն իրենց իրավունքները եւ շահերը քաղաքացիական դատարանում պարտավոր են ներկայացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով, իսկ վարչական դատավարությունում, Սահմանադրական դատարանում, օրենսդիր եւ գործադիր մարմիններում իրավունք ունեն ներկայացնել անձամբ կամ այլ` փաստաբան չհանդիսացող քաղաքացու միջոցով:   
Եթե ենթադրում ենք, որ քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավունքները եւ շահերը քաղաքացիական դատարանում ոչ փաստաբանի կամ այլ քաղաքացու միջոցով ներկայացվելու դեպքում քաղաքացին կամ իրավաբանական անձը չեն կարող լիարժեք իրականացնել իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, որի հետեւանքով կարող են կրել գույքային կամ ոչ գույքային վնասներ, եւ այդ պատճառով են կատարվել վերը նշված փոփոխությունները, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ քաղաքացին կամ իրավաբանական անձի ղեկավարը նաեւ վարչական դատարանում, Սահմանադրական դատարանում, օրենսդիր կամ գործադիր մարմիններին ոչ փաստաբանի միջոցով դիմելու դեպքում եւս չեն կարող լիարժեք իրականացնել իրենց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, որի հետեւանքով կարող են կրել գույքային կամ ոչ գույքային վնասներ:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ
շարունակելի




Լրահոս