ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին, որում նա խոսում է սխալ ծրագիր իրականացնելու, կեղծ թվերով ու ցուցանիշներով մեր ժողովրդին խաբելու մասին:
Համլետ Հարությունյանը նախ ասաց, որ ծանոթ չէ Ծառուկյանի հարցազրույցին, և որ առաջին անգամ չէ, որ իշխանության հասցեին նման մեղադրանքներ են հնչում:
«ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, կարող է ցանկացած բան ասել»,- ասաց Հարությունյանը:
-Կարծում եք` ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործում:
-Միշտ էլ ընդդիմադիր դաշտում է եղել: Եթե կոալիցիայում չէ, ուրեմն ընդդիմադիր է:
-Բայց ԲՀԿ-ն իրեն այլընտրա՞նք է համարում:
-Դա էլ է ընդդիմադիրի ձևերից մեկը:
-Պարո՛ն Հարությունյան, Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը: Ո՞ւմ նկատի ունի նա՝ ձեր կարծիքով:
-Երևի խոսքը կոռուպցիայի մեջ գտնվող մարդկանց մասին է:
-Ծառուկյանը նկատի ունի բարձրաստիճան պաշտոնյաների՞ն` մի քանի մարդ ասելով:
-Գիտեք ինչ, միայն հո ԲՀԿ-ը չի ասում: Տարբեր ընդդիմադիրներ մեղադրանքներ են ներկայացնում: Թե ինչքանով է դա իրականությանը համապատասխանում, հարցրե՛ք իրենց:
-Իսկ դուք համաձա՞յն եք Ծառուկյանի այդ հայտարարությանը:
-Ո՛չ, կան, իհարկե, թերություններ, որ մենք չենք ժխտում, բայց ամեն ինչ սև գույներով ներկայացնել էլ չենք ընդունում:
-ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «քառյակը» միասնական հանրահավաք կանցկացնի, և կձևավորեն քաղաքական օրակարգ: Չի՞ մտահոգում սա ՀՀԿ-ին:
-Ինչո՞ւ պետք է մտահոգի:
-«Քառյակի» այս քայլերը չեն թուլացնում իշխանություններին:
-Ո՛չ, ընդհակառակը, ուժեղանում է: Ինչքան ընդդիմությունը հզոր լինի, այնքան հզոր են իշխանությունները:
Սոնա Դավթյան