ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ լեգենդար հետախույզի հուշատախտակի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքում տեղի ունեցավ Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անվան հուշատախտակի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Մենք պետք է հիշենք, մեծարենք, խոնարհվենք մի մարդու հիշատակի առջև, ով իր գործունեությամբ, իր կյանքով ողջ մարդկությանը պարգևեց պայծառ ու խաղաղ երկինք»,-հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասաց Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:

Պարգև սրբազանը, ով նաև նույն համալսարանի շրջանավարտների միավորման նախագահն է, հայտարարեց, թե մեծ պատիվ է համարում, որ ԵՊԼՀ-ն ունի այնպիսի շրջանավարտներ, ինչպիսին Գևորգ Վարդանյանն է և իր տիկին, հետախույզ Գոհար Վարդանյանը:

Հուշատախտակի հեղինակ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Գագիկ Ղազարյանն իր հերթին հուշատախտակի տեղադրման մտահղացման համար շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը, ազատամարտիկ Ջհան Հովհաննիսյանին, որ իրեն ծանոթացրել է լեգենդար հետախույզի հետ: Քանդակագործն առաջարկեց, որ չբավարարվեն միայն հուշատախտակի տեղադրումով. «Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը ևս պետք է կառուցվի»:

ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ ականավոր հետախույզ, ԵՊԼՀ շրջանավարտ Գոհար Վարդանյանը պարգևատրվեց Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ոսկե մեդալով:




Լրահոս