ՀԱՐՑ. Ի՞նչ է նշանակում գերակա շահ: Գերակա շահ ասելով` ես հասկանում եմ, որ պիտի կառուցվեն միայն պետական շինություններ:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետեւյալ նպատակները`
• պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը,
• Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը,
• միջազգային եւ հանրապետական նշանակության պատմության եւ մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը,
• շրջակա միջավայրի պահպանության ապահովումը,
• կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաեւ գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը,
• էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը,
• անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը,
• արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետեւանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացումը:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում բացառիկ` գերակա հանրային շահ:
Հասարակության եւ պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ` գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում:
աշխատակից Հայկ Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թվարկումը տպավորություն է ստեղծում, թե գրեթե ցանկացած տարածք կարելի է գերակա շահ ճանաչել ու մարդկանց փողոց դուրս շպրտել: