ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ցանկանում է գիրք տպագրել, ապա ի՞նչ է հարկավոր դրա համար, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:  Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Արման Գալոյան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գիրքը լինելու է հեղինակային, ապա անհրաժեշտ են քաղաքացու անձնագիրը, գրքի շապիկը, դարձերեսը եւ բովանդակությունը: Մեզ մոտ` ազգային գրապալատում,  հատուկ դիմումի ձեւ կա, որը լրացվում է քաղաքացու կողմից: Այնուհետեւ գիրքն ինդեքսավորվում է, այսինքն` բոլոր ելից տվյալներով մատենագիտական էջը կազմվում է մեր կողմից, որտեղ լինելու են միջազգային ստանդարտի համարակալում եւ բոլոր մատենագիտական ցուցումները:  Հեղինակային գրքի դեպքում վճարումը 2.500 դրամ է: Իսկ եթե գիրքը հեղինակային չէ կամ էլ գրքի հեղինակ-հրատարակիչն ինքը` քաղաքացին չէ, նա միայն գիրքը կազմողն է, բայց գիրքը պատկանում է որեւէ կազմակերպության, ապա այդ դեպքում տվյալ կազմակերպության, ում կողմից որ ֆինանսավորվում է գիրքը, գրավոր դիմումն է անհրաժեշտ: Այդ դեպքում արդեն վճարի չափը փոխվում է, այսինքն` եթե կազմակերպությունը գրապալատում գրանցված չէ, ապա վճարը կազմում է 5.000 դրամ, իսկ եթե գրանցված է` 1.000 դրամ: Թող քաղաքացին անձնագրով ներկայանա ազգային գրապալատ, արդեն տեղում ավելի կոնկրետ կմանրամասնենք:

Ազգային գրապալատի փոխտնօրեն
Հասմիկ Սաֆարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գիրք տպագրելն անշուշտ էժան հաճույք չէ: Հակառակ տպագրական ծախսերի թանկ լինելուն, հայտնի է նաեւ, որ Հայաստանում օրական միջինը 3 անուն գիրք է տպագրվում: Նախատպարանային գործընթացը պարզ եւ մատչելի է ներկայացված, վճարումներն էլ մեծ չեն, սակայն ամեն ինչ սկսվում է տպարան հասնելուց: Այսինքն` գիրք տպագրելու ցանկություն հայտնելուց առաջ քաղաքացին պետք է տպագրական ծախսերի նախահաշվարկն ունենա, քանի որ քիչ մարդ կունենա տպաքանակի դիմաց երբեմն մինչեւ մի քանի հազար դոլար վճարելու հնարավորություն:




Լրահոս