Մեծանում, բայց չեմ ծերանում. Աշոտ Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին դերասան, հումորիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն էր, որը նա ընկերների հետ նշել է ռեստորանում:  Իսկ արդեն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է նրա բենեֆիսը:

-Դարձաք արդեն 65 տարեկան, թե՞դեռ 65 տարեկան եք:

-Տարիքը կապ չունի. կա մեծանալ եւ կա ծերանալ: Եվ ես, թու-թու-թու, մեծանում, բայց չեմ ծերանում:

-Մեծ լինելու մասին մի պատմություն կա: Երբ կատակում են 70-ն անց մի մարդու հետ, նա վրդովված ասում է՝ ես մեծ եմ, ինչո՞ւ եք ինձ ծաղրում: Կողքի երիտասարդը պատասխանում է. «Դու ոչ թե մեծ ես, այլ պարզապես շուտ ես ծնվել»: Այսինքն՝ մարդը գործով է մեծ կամ փոքր: Ի՞նչը չեք հասցրել անել: 

-Մարդ ինչքան էլ անի, միեւնույն է, դեռ անելու բան մնում է: Մի պատմություն էլ ես պատմեմ: Ընկերներով հավաքվում, զանգում են մեկ այլ ընկերոջ, ասում՝ արի՛, ռեստորանում նստած ենք: Պատասխանում է՝ չեմ կարող, դեռևս գործս չեմ վերջացրել: Մի քանի օր հետո զանգում, ասում են՝ գնացել ենք լողանալու, աղջիկներ կան, իջիր, գնանք զբաղվենք: Պատասխանում է՝ չեմ կարող, գործս չեմ վերջացրել: Մի քանի օր հետո զանգում, ասում են՝ մի 3 օրով Սոչի ենք գնում, արի գնանք, պատասխանում է՝ տղեք ջան, կգայի, բայց գործս չեմ վերջացրել: Բոլորը զայրանում, նստում են ավտոմեքենան, գալիս նրա տան մոտ, ազդանշան տալիս: Նա իջնում է, նստեցնում են ավտոն, քշում ուղիղ գերեզմանոց: Այնտեղ իջնում են, իջեցնում նրան ու ասում՝ այ, նայո՞ւմ ես սրանց, սրանցից ոչ մեկը գործը չի վերջացրել: Այնպես որ՝ երբեք մեր գործերը չենք հասցնելու վերջացնել:

-Ձեր գործունեության մեջ ի՞նչն եք ավելի շատ կարևորում:

-Ես թատրոնի ու կինոյի դերասան եմ, բայց թատրոն ավելի շատ եմ սիրում: Մնացածը հոբբիներ են: Ամեն տարի ներկայացում եմ պատրաստում. հոգնում, ձանձրանում, ուզում եմ ուրիշ բան անել: Բացի այդ, ուզում եմ՝ համը միշտ մնա ժողովրդի բերանում:

-Կա՞ դեր, որ երազել եք խաղալ, բայց չի ստացվել:

-Միակ բանը, որ երազել եմ ու չեմ կարողացել խաղալ (հիմա էլ արդեն իմ տարիքին համապատասխան չէ) Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայում Տրուֆալդինոյի դերն էր: Եթե հիմա այդ կերպարի տարիքին լինեի, ինքս կկազմակերպեի՝ ինչպես իմ մյուս ներկայացումների դեպքում£ Ընդհանրապես իմ ներկայացումներում ոչ միայն ծիծաղ, այլ նաեւ թախիծ ու լիրիկա կա, իսկ դա իմ ամենասիրած ժանրն է:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս