Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ազոտական պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող “Քեթրին գրուպ” ընկերությանը տուգանեց 10 մլն դրամի չափով: Այսօր հանձնաժողովի նիստում ներկայացվեցին ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Վարույթը հարուցվել էր պարարտանյութի վաճառքի գնի բարձրացման առնչությամբ: ՏՄՊՊՀ փորձագետ Գնել Ալավերդյանն ասաց, որ ընկերությունը 50 կգ պարկ պարարտանյութի գինը հասցրել էր 7.6 հազար դրամի` այն դեպքում, երբ ինքնարժեքը 6.6 հազար դրամ էր: Հետագայում նույնպես դիտվել է պարարտանյութի գների բարձրացում, սակայն դա համարժեք է եղել ինքնարժեքի բարձրացմանը: Հանձնաժողովը նախապես առաջարկեց ընկերության հանդեպ նշանակել 20 մլն դրամի չափով տուգանք, սակայն հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները (ընկերությունն առաջին անգամ է նման խախտում իրականացնում, նաև եկամուտների ծավալներն են քիչ եղել) որոշվեց տուգանել 10 մլն դրամով: “Քեթրին գրուպ”-ի ֆինանսական տնօրեն Հովհաննես Բալջյանը հայտնեց, որ պարարտանյութի գնի բարձրացման պատճառը մատակարարի պայմանագրային հարաբերությունները փոխելն է և հաջորդ խմբաքանակների համար կանխավճար պահանջելը:ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կարևորեց պարարտանյութերի շուկայում մրցակցության ապահովումը, նշեց, որ այսուհետ ևս հետևելու են շուկային և այն պահելու են ուշադրության կենտրոնում. “Քանի որ առաջիկայում գյուղատնտեսական սեզոնի բացման կապակցությամբ շատ ընկերություններ առնչվելու են այս խնդիրներին, առաջարկում եմ չարաշահման փաստեր նկատելու դեպքում դիմել մեզ”:
Քեթրին գրուպ ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամի չափով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ