Մայիսի 18-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ – Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ինժեներասակրավորական խումբը` պայթեցնողներով, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Դիլիջան ՃՇՇ»-ի աշխատակիցները:
Պարզվել է, որ հանրապետական Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ – Դիլիջան հատվածում (30-րդ կմ)` Խաչարձան գյուղի մոտակայքում, ավտոճանապարհի հարակից ժայռից մոտ 150 մ բարձրությունից պոկվել է մոտ 15 քար (առկա է քարաթափման վտանգ) և ամբողջովին փակել երթևեկությունը (ամենամեծը 1,5մ×10մ×2.7մ չափերի):
Հրշեջ-փրկարարները և ՃՈ աշխատակիցները սահմանազատել են ճանապարհահատվածը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը
Քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու, այն երթևեկության համար անվտանգ դարձնելու, պայթեցումներով ուղեկցվող բարդագույն աշխատանքները ղեկավարելու համար ժամը 18.35-ին դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ուղիղ հեռուստակապ է հաստատված սահմանազատված ճանապարհահատվածի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև:
Կատարվող աշխատանքները գտնվում են ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի ուշադրության կենտրոնում:
Ժամը 23.25-ի դրությամբ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ վտանգավոր ժայռաբեկորները պայթեցման միջոցով հեռացնելու համար:
Մայիսի 19-ին, ժամը 02.25-ին ավարտվել են պայթեցման աշխատանքները: Պայթեցման եղանակով վնասազերծվել են ժայռի վրա քարաթափման ենթակա վտանգավոր ժայռաբեկորները, ինչպես նաև մանրացվել ճանապարհահատվածի խոշոր քարերը:
Ժամը 04.16-ին Դիլիջանի և Իջևանի ՃՇՇ-ի աշխատակիցները ավարտել են ճանապարհի մաքրման աշխատանքները. վերականգնվել է երթևեկությունը:
Դեպքի վայրում են գտնվել Տավուշի մարզպետ Հ. Աբովյանը, փոխմարզպետ Լ. Սարգսյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ՄՓՎ պետ փ/ծ փ/գ-տ Վ. Հովսեփյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Արշակյանը, մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը և «Դիլիջան ՃՇՇ» պետ Մանթաշյանը: