Քննարկվեցին հոգեբուժական ծառայության խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին այցելեց «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Ամենուր նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցեց բուժաշխատողների և բուժվողների հետ։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։

Նախարարը բժիշկների հետ քննարկեց հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու խոչընդոտները։

Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվեցին առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։

Արմեն Մուրադյանը մտահոգիչ համարեց այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության և հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են և օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրեց նաև այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության և վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները ևս բացակայում են։

«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանը ներկայացրեց, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին և բարձրացրեց մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացավ մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձավ անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին և հանձնարարեց քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։

Նախարարը նաև հանձնարարեց ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները և հանձնարարեց մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։




Լրահոս