Armlur.am -ին ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից 2011թ. Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի ներկայացուցիչներ: Կարևորելով տեսչական ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը նշել է. “Կրթության ոլորտում ցանկացած ուսումնասիրություն և ստուգում մեկ գլխավոր նպատակ է հետապնդում՝ կրթության որակի բարձրացում: Այս քննարկումների ընթացքում մենք պետք է, վերլուծելով առկա թերություններն ու բացթողումները, փորձենք հասնել դրանց բացառմանը”:Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը, ներկայացնելով տեսչության կողմից իրականացված ստուգումները, նշել է, որ արձանագրված թերությունները հիմնականում ընդհանուր բնույթի են եղել, որոնք առկա են նաև այլ մարզերի դպրոցներում: Ներկայացված զեկույցի համաձայն՝ Լոռու մարզի դպրոցներում կատարված ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերացումները վերաբերել են դպրոցական ուսումնական պլանների կազմմանը, ուսուցիչների մրցութային կարգով ընտրությանը և այլ հարցերի: Մասնավորապես, մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում առկա է մանկավարժ մասնագետների պակաս, ինչով պայմանավորված ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները մի շարք դեպքերում հավակնորդների բացակայության պատճառով չեն կայանում:Խորհրդակցոթյան արդյունքում առաջարկվել է ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության հանձնարարականների ու եզրակացության հիման վրա ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Նպատակը կրթության որակի բարձրացումն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ