Ռեժիսոր Աշոտ Ադամյանն աշխատում է երեք բավական հետաքրքիր սյուժեներով ֆիլմերի ստեղծման վրա: Armlur.am-ի հետ զրույցում ռեժիսորը չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել, քանի որ սիրում է աշխատանքի մասին խոսել այն ավարտելուց հետո:
Ռեժիսորը միայն ասաց, որ ֆիլմերից մեկը Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցի մասին է, մյուսը` մարդկային փոխհարաբերությունների, մյուսն էլ՝ 1990-ականների իրավիճակի մասին, բայց վերջին ֆիլմում չեն ներկայացվելու սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: «Հիմա էլ է ծանր իրավիճակ, պարզապես ոչ մի հանգամանք մարդուն չպետք է փոխի»,-նշեց Ա. Ադամյանը:
Աշոտ Ադամյանն այն ռեժիսորներից է, որը ստեղծագործել է թե´ ԽՍՀՄ, թե անկախ Հայաստանի ժամանակաշրջաններում: Հետաքրքրիր է` ի՞նչ է փոխվել վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արվեստի ու մշակույթի բնագավառում:
«Փոխվել է աշխարհը. դրան զուգահեռ փոխվում է արվեստն ու մշակույթը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կան թե´ հաջող, թե´ անհաջող գործեր»,- կարծում է Ադամյանը:
Ռեժիսորի խոսքով` այսօր արվեստի ու մշակույթի ոլորտին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ միայն միայն ֆինանսական, այլև բարոյական աջակցությանը:
Արդյոք նոր կառավարությունն ու վարչապետը պատշաճ ուշադրություն կդարձնեն արվեստին ու մշակույթին:
«Միայն նրանց քայլերից հետո կարող եմ ասել` սպասելիքներ ունեմ, թե ոչ»,- եզրափակեց Ադամյանը:
Սոնա Դավթյան