Ըստ news.am-ի` ՀՀ կառավարությունը երեկ որոշել է Ամիրյան 6 հասցեում գտնվող կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության 790 քմ ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձեւով 1,5 միլիարդ դրամով կամ 4 միլիոն ԱՄՆ դոլարով օտարել գույքի վարձակալ «Մելլաթ բանկ» ընկերությանը: Այսինքն` պարսիկները ՀՀ մայրաքաղաքի սրտում գտնվող կառավարական մասնաշենքի մեկ քառակուսի մետրի դիմաց վճարելու են մոտ 5000 ԱՄՆ դոլար: Ընդ որում, գնորդին է անցնում նաեւ գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Գործադիրի այս որոշումը, մեղմ ասած, անհասկանալի է: Երբ ՀՀ այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից առաջ քաշվեց կառավարության շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծած թմբուկը կառուցելու գաղափարը, դա հիմնավորվեց նախ եւ առաջ նրանով, որ կառավարությանն անհրաժեշտ են լրացուցիչ տարածքներ` ՀՀ սփյուռքի եւ արդարադատության նախարարությունների աշխատակազմերի համար: Մի կողմ թողնելով թմբուկի կառուցման քաղաքաշինական անհրաժեշտության թեման` արձանագրենք, որ նախարարությունների համար շենքային պայմանների ապահովման փաստարկը կառավարության վերը նշված որոշմամբ դառնում է անհիմն: Ստացվում է, որ կառավարությունը մի կողմից վաճառում է իր մասնաշենքերի տարածքը, մյուս կողմից, սակայն, ձեռնամուխ լինում նոր մակերեսներ կառուցելուն` ի հաշիվ մայրաքաղաքի կենտրոնական հատվածի էլ ավելի խիտ կառուցապատման ու ծանրաբեռնման: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Ի՞նչն է խանգարում կառավարությանն իր ունեցած տարածքները վաճառելու եւ նորերը կառուցելու փոխարեն պարզապես խելամիտ տնօրինել եղածը: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը` «ատկատների ինստիտուտը»: Ակնհայտ է, որ թե՛ իրանական բանկի հետ նշված գործարքի, թե՛ կառավարության շենքի բակում կառուցվելիք թմբուկի դեպքում լինելու են հսկայական «ատկատներ», որոնք ծանրացնելու են համապատասխան պաշտոնյաների գրպանները: Ժամանակին` 2001-2002թթ. ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թեթեւ ձեռամբ «Միջազգային բիզնես կենտրոն»-ի սեփականությունը դարձան Երեւանի կենտրոնում տեղակայված 5 նախարարությունների շենքերը, այդ թվում` Թումանյան փողոցում գտնվող մշակույթի եւ առողջապահության նախարարությունների հսկայական շենքերը: Բնականաբար, կրկին եղան ահռելի «ատկատներ»: Արդյունքում բոլոր նախարարությունները մեկտեղվեցին կառավարական 3-րդ մասնաշենքում` այդպիսով իբր թե ավելի մոբիլ դարձնելով կառավարության աշխատանքը: Իսկ վերը նշված հրաշալի շենքերն էլ դարձան «Միջազգային բիզնես կենտրոն»-ի անհայտ տերերի սեփականությունը: Վերադառնալով երեկվա որոշմանը` նշենք, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է իրանական բանկին տրված տարածքը գերակա հանրային շահ ճանաչել` գնորդին առաջարկելով համարժեք տարածք: Այսպիսով` ներկայիս կառավարությունը մտածում է նաեւ իր հետնորդների մասին` նրանց եւս «ատկատների» հնարավորություն թողնելով:
«ԱՏԿԱՏՉԻԿՆԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ