ՎԱԼՈԴԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԷԼԻՏԱՆ
Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ ինքը չի շնորհավորելու կառավարության նոր եւ վերանշանակված նախարարներին, այդ պահին դեռեւս արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը որոշեց իր ոճի մեջ հակադարձել անեկդոտով. «Մեկի գերեզմանին քար են դնում, վրան գրված` բոլորի կողմից, բացի Վալոդից»: Փաշինյանն էլ արձագանքեց. «Ի դեպ, հենց Վալոդն է նշանակվելու Ձեր փոխարեն` որպես արդարադատության նախարար»: Մի փոքր անց, հրապարակվեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս դրվագը ոչ այնքան զվարճալի է, որքան ցավալի: Փաստորեն նախարարը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության տեսակետը՝ անեկդոտներով համեմված, բայց դեռ չգիտի, որ արդեն գործազուրկի կարգավիճակ ունի: Ինչպես երեւում է՝ հատկապես Հրայր Թովմասյանը լավ չէր սերտել Ֆրանսիական հեղափոխության դասերը, որ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության նախարարի նշանակումից թերեւս անհանգստանալու խնդիր ունի ՀՅԴ-ն, քանզի Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ այն պահից, երբ հանեց իր նախարարական կոստյումը, արժանի հակահարված է հասցնելու Արմեն Ռուստամյանի հնչեցրած տհաճ գնահատականին: Կոստյումը չկա: Տեսնենք՝ ինչ է անելու Հրայրը:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայիս Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բավականին մեծ շուքով անցել է իր նոր աշխատասենյակի վերափոխման գործընթացին: «Ժողովուրդ»-ի՝ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանն օրեր առաջ իր նախկին աշխատակիցներից պահանջել է, որ իր շքեղ բազկաթոռը տեղափոխեն Ֆինանսների նախարարություն: Ասել է թե՝ Գագիկ Խաչատրյանը կամ հարմարավետ չի զգացել իրեն ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի աթոռին, կամ, որն ավելի հավանական է, ՊԵԿ նախագահի աթոռն ավելի «խերով է», ու Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում բաժանվել իր «թալիսմանից»: Իսկ թե բարեփոխումներից խոսող Գագիկ Խաչատրյանը, ով այսօրինակ «լուրջ» փոփոխությունները սկսել է աթոռից, ինչ նոր «հեղափոխություններ» կանի գործնական ոլորտում, դեռ հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել ԱԺ նախագահի ընտրութանը եւ քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին: Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թեւի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել եւ ապացուցել, թե իրենք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 «կողմ» քվեաթերթիկ է եղել (Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի եւ իր՝ Բագրատյանի կողմից քվեարկված): Թե որտեղ են մյուս քվեաթերթիկները, անհայտ է: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ մեկից թաքցնելու բան չունի, եւ քվեարկել է Գ. Սահակյանի օգտին: Պատգամավորը հաստատեց նաեւ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ են մասնակցել քվեարկությանը: «Որոշումը կայացնում է ֆրակցիայի ղեկավարը»,- ասաց պատգամավորը:
ՀՀ-ում իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների շարքում նախատեսվում է ներդնել նաեւ Պրոբացիոն ծրագիր, որի նպատակը, ի թիվս այլ խնդիրների, նաեւ մեղմ հանցանք կատարած դատապարտյալների ձեռքերին պետք է հատուկ չիպավորված շղթաներ հագցնեն, ազատեն կալանավայրից եւ պատժի մնացած մասը նրանք կկրեն դրսում, ներգրավված տարբեր աշխատանքներում: Սակայն ծրագրի իրականացման շուրջ դատապարտյալների շրջանում արդեն անվստահության ալիք է բարձրանում: «Ո՞նց հավատանք այս ծրագրին, եթե ՔԿՀ-ում իր պատիժը պատվով կրող դատապարտյալը, ում օրենքով հասնում է վաղաժամկետ ազատ արձակում, չեն ազատում»,- դժգոհեց «Ժողովուրդ»-ին զանգահարած դատապարտյալներից մեկը: Ծրագրի մասով թերահավատություն հայտնեց նաեւ արդեն նախկին նախարարը: «ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ցանկացած ծրագիր իր մեջ ունի նոր մեխանիզմներ եւ տեսականորեն չեմ կարող բացառել, որ կլինեն կոռուպցիոն ռիսկեր»: