ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ
Արմեն Մովսիսյանը, ով 2001թ. զբաղեցնում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, երեկ հրաժեշտ տվեց իր աթոռին. Սերժ Սարգսյանը նրա փոխարեն նախարար է նշանակել Երեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Երվանդ Զախարյանին: Ի դեպ, առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, չնայած նրանց ազգանունների տարբերությանը: Ինչպես հայտնի է՝ նրա փոխարեն դեսպան է նշանակվելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստորեն, պետք է արձանագրենք, որ այսպիսով Մովսիսյան-Մարգարյան եղբայրների էպոխան ավարտվեց:
ԱՆՄԵՂ ԱՆՈՒՆ
«Մենք Տիգրան Սարգսյանի հրաժարականը չէինք պահանջում, որովհետեւ նրա անունը Տիգրան էր, կամ ազգանունը՝ Սարգսյան: Տիգրան Սարգսյանի հրաժարականը հիմնականում պայմանավորված էր 4 սկանդալային գործերով` գազային պայմանագրերը եւ Հայաստանի պարտքը, օֆշորային սկանդալը, Որոտանի վաճառքը եւ «պարտադիր կուտակայինի» համակարգը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեց՝ բացահայտելու եք այդ սկանդալները: «Ընդհանրապես ես պատասխանատվություն վերցնող եմ: Այդ գիտակցումով եմ այս պաշտոնի առաջարկն ընդունել: Աշխատելու եմ թափանցիկ: Թերություններ ունեցել է նախորդ կառավարությունը, բայց սկանդալների հետ համաձայն չեմ: Լինելու ենք շատ անկեղծ եւ չենք ամաչելու ասել, որ սխալներ են եղել»,- ասաց Աբրահամյանը:
ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Հանձնաժողովի ընտրությունը շատ աննախադեպ էր այն առումով, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը շատ բարձր տրամադրություն ուներ ու ամեն ինչ անում էր ընտրող պատգամավորներին եւս այդ տրամադրությունը փոխանցելու: Հանձնաժողովի անդամները ընտրության կեսից մատնվել էին անգործության, քանի որ ընտրությանը հիմնականում մասնակցեցին ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ-ականները, մյուս ուժերն անտարբերությամբ էին վերաբերվում դրան: ԱԺ ՕԵԿ խմբակցությունը եւս չմասնակցեց ընտրությանը: Իսկ արդեն վերջում հանձնաժողովի անդամները հայտնվել էին «էստի համեցեք»-ի կարգավիճակում ու անցնող-դարձող, քվեարկությանը չմասնակցած պատգամավորներին «հորդորում» էին միանալ նրանց: Բայց ապարդյուն: Իսկ արդեն ընտրության ավարտից հետո ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որից «կողմ» է քվեարկել 80-ը, «դեմ»՝ 5-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: