ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` Վլադիմիր Պուտինի կողմից դեռեւս 2001թ. «Գույք պարտքի դիմաց» ծրագրով սկսված Հայաստանի էներգետիկ համակարգի սեփականացման գործընթացը երեկ հասավ իր ավարտին. ռուսական «Գազպրոմ»-ին հանձնվեց «Հայռուսգազարդ»-ի` հայկական կողմին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը:
Այն, որ դա այդպես էր լինելու, սպասելի էր դեռ վաղուց, եւ «Ժողովուրդ»-ն այդ մասին գրել էր դեռեւս մեկուկես տարի առաջ: Ակնհայտ էր, որ արդեն 2011-ի նոյեմբերից թանկ գներով Հայաստան ներմուծվող գազի համար հայկական իշխանությունները վճարելու այլ ռեսուրս չունեին եւ վաղ թե ուշ ստիպված էին լինելու ռուսներին տալ պետական վերահսկողության տակ գտնվող բաժնեմասը: Խնդիրն այն էր, սակայն, որ ռուսական կողմը չէր ցանկանում այդպես լուծել այսօր արդեն 155 միլիոն դոլարի հասած պարտքը մարելու հարցը: Եվ ՀՀ իշխանությունները` ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, շարունակում էին խաբել ու խաբել հանրությանը ոչ միայն 20 տոկոս բաժնեմասի, այլեւ գազի գնի թանկացման հարցում:
Երեկ, սակայն, երբ Հայաստանի հարցը լուծվեց «փաթեթով», այդ նույն Մովսիսյանը կատարված գործարքի շուրջ ներկայացրեց պարզապես ցնցող պատճառաբանություն: «Ազատության» հարցին, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի մասնաբաժինը ռուսական ընկերությանը փոխանցելու որոշումը, նա պատասխանեց. «Որպեսզի «Գազպրոմ» ընկերության ներկայությունն ավելի շատ ապահովենք, եւ որպեսզի ավելի շատ շահագրգռություն ունենան այստեղ` ե՛ւ գազի գնի հետ կապված, ե՛ւ շահագործման որակի հետ կապված»: Փաստորեն, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը (ի դեպ, թերեւս արդեն պետք է անվանափոխել այդ նախարարությունը) իր այս հայտարարությամբ ընդունում է, որ մինչ այս «Հայռուսգազարդ»-ի 80 տոկոսի սեփականատեր «Գազպրոմ»-ը շահագրգիռ չի եղել որակյալ գազ մատակարարել (հիշենք ռուսական գազի ցածր կալորիականության մասին բողոքները) եւ որպես այդ խնդրի լուծում` ողջունում համակարգն ամբողջությամբ ռուսներին հանձնելու տարբերակը: Առհասարակ, պետք է եզակի ցինիզմ ունենալ տարիներ շարունակ ողջ հանրությանը բացահայտ խաբելուց հետո նման հայտարարություններ անելու համար:
Եվ ուշագրավ է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, մեր` Հայաստանի պետական սեփականություն համարվող բաժնեմասի վաճառքի մասին տեղեկացանք ոչ թե մեր մուծած հարկերի հաշվին վարձատրվող կառավարությունից, այլեւ «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերից, ով երեկ հայտարարեց, որ «Հայռուսգազարդ»-ը դառնում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություն: Դե եթե երկիրը դարձել է Ռուսաստանի «գուբերնիա», տրամաբանական է, որ դրա էներգետիկ համակարգն էլ պիտի դառնա դուստր ձեռնարկություն:




Լրահոս