ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ «ՀՐԱՀԱՆԳՈՎ» ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր 10 տարվա ընկերն է ու ինքը մի «փութ» հաց է կիսել նրա հետ: Ինչի համար էլ, բնական է, պետք է նրան ընտրեր ԱԺ նախագահ:

-Պարոն Մարգարյան, Դուք ԲՀԿ խմբակցության միակ անդամն էիք, որ ԱԺ նախագահի ընտրություններից հետո բոլորին հայտարարեցիք, որ ընտրել եք Գալուստ Սահակյանին: Մինչդեռ մյուս ԲՀԿ-ականները տարբեր հայտարարություններ են անում իրենց ընտրության հետ կապված: Դուք խմբակցությունում նկատողություն չե՞ք ստացել:
-Ինչ նկատողություն պետք է լիներ խմբակցությունում, եթե կուսակցությունը ոչ մեկին չի առաջարկել եւ ազատ ռեժիմ է թողել. ով ում ցանկանում է՝ կարող է ընտրել:
-ԲՀԿ-ն լուրջ քննադատության ենթարկվեց այն պատճառով, որ հերթական անգամ քվեարկեց իշխանական թեկնածուի օգտին, այնինչ՝ կարող էր քվեարկել ընդդիմադիր թեկնածուի` ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին:
-Դե, ԲՀԿ-ն քննադատության ենթարկվեց… բայց դա իր ղեկավարի որոշումն է եղել, որ մասնակցի քվեարկությանը: Դա քաղաքական որոշում է եղել ու հենց այդպես էլ եղել է: Եվ ես նորից եմ կրկնում. եղել է ազատ ռեժիմ, ով ոնց ցանկացել՝ այդպես էլ քվեարկել է։ Ու ես ազնվորեն ասել եմ, որ ես իմ ձայնը տվել եմ Գալուստ Գրիգորիչին ու ես բացարձակ այդտեղ խնդիր չեմ տեսնում: Իշխանությունն ինքն է առաջադրել թեկնածու, իսկ իշխանական թեւն առաջադրել է Գալուստ Գրիգորիչին: Եթե ԲՀԿ-ն թեկնածու ունենար, ապա կառաջադրեր, եթե չի առաջադրել՝ նշանակում է թեկնածու չունի ու ըստ դրա՝ դրել է ազատ ռեժիմ:
-Բայց կարծես թե այս քվեարկությունից հետո «հրաշալի քառյակ»-ում պառակտում է առաջացել, քանի որ ստացվում է այնպես, որ կարեւոր հարցերի շուրջ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի միջեւ միաձայն որոշում չի կայացվում:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ որոշումը, նորից եմ կրկնում, կայացնում է ֆրակցիայի ղեկավարը: Եթե սա ընդդիմության մեջ պառակտում լիներ, երեւի արդեն դա կլիներ, քանի որ իրենք էլի սկսել են միմյանց հետ աշխատել:
-Պարոն Մարգարյան, այնպիսի տպավորություն է, որ Դուք ԲՀԿ խմբակցության հետ որեւէ առնչություն չունեք, Ձեր եւ ԲՀԿ-ի դիրքորոշումները շատ հաճախ են տարբեր լինում:Ինչո՞ւ եք մշտապես անկախ հանդես գալիս` լինելով խմբակցության անդամ:
-Բացարձակ, ես այժմ իմ անձնական կարծիքն եմ հայտնում ու դա բացարձակ կապ չունի թիմային կարծիքի հետ: Ես որպես մեծամասնական պատգամավոր` Գրիշա Մարգարյան, իմ անձնական կարծիքն եմ արտահայտում: Խմբակցությունը որպես այլընտրանք ինքը պետք է հիմա նայի ՀՀ կառավարության աշխատանքին, եթե, ասենք, կառավարությունը լավ կաշխատի, ուրեմն խմբակցությունը կտա իր դրական եզրակացությունը, եթե վատ, ապա բացասական: Ինչ է նշանակում այլընտրանք` լավին լավ են ասում, վատին՝ վատ:
-Տեսակետ կա, որ Դուք իշխանությունների հետ «լավ» եք միայն այն բանի համար, որ գործարար եք ու մտավախություն ունեք, որ կարող եք կորցնել Ձեր բիզնեսը:
-Ես 11 տարվա պատգամավոր եմ եւ փորձում եմ բացատրել, թե գործարարն ինչ է, սեփականատերն ինչ է, դրանք բավականին տարբեր բաներ են: Գործարարը նա է, որ ինքն է բուն գործունեությամբ զբաղվում ու դրանից նա ստանում է աշխատավարձ ու մի տեղ գրանցված աշխատող է, իսկ Աժ կանոնակարգը չի արգելում ունենալ սեփականություն: Ես գործարարությամբ չեմ զբաղվում: Եթե խոսքը վերաբերում է «Բելաջիո» ռեստորանին, ապա այդ բիզնեսը ղեկավարում է իմ եղբայրը ու դա մեր ընտանեկան բիզնեսն է, ես որեւէ այլ բիզնեսով չեմ զբաղվում: Իշխանության հետ լավ ու վատի խնդիրը ինչի՞ց ելնելով եք ասում: Գալուստ Գրիգորիչի հետ ես 11 տարի ընկերական հարաբերություններ ունեմ, ես այդ մարդու հետ մի փութ հաց եմ կերել: Վերջապես մի մոռացեք, որ կան մարդկային փոխհարաբերություններ, ես այդ մարդուն հարգում եմ: Մի՞թե ամեն ինչ վերջանում է, երբ գալիս են քաղաքական հարաբերությունները. ոչ, ինձ համար դրանք առաջնային չեն:
-Իսկ ինչ կասեք նոր ձեւավորվող կառավարության մասին, այն Ձեզ դուր գալի՞ս է:
-Նախ՝ կառավարության կազմը դեռեւս վերջնական չէ, բայց ես ոնց տեսնում եմ՝ բավականին նորմալ կադրեր են, այն մարդիկ, ովքեր որ աշխատանքի փորձ ունեն:
-Ակնհայտ է, որ նորանշանակ նախարարների գերակշիռ մասը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «կադրերն» են, ինչով եք դա բացատրում:
-Ճիշտն ասած, չեմ ցանկանում պիտակներ կպցնել, ինձ համար դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ լինեն փորձառու մարդիկ:
-Նշվում է նաեւ, որ ամենվարկաբեկված պաշտոնյան` Գագիկ Խաչատրյանը, նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: Ըստ Ձեզ՝ այդ նշանակումը տեղի՞ն էր:
-Նախ եւ առաջ սկսենք նրանից, որ Գագիկ Խաչատրյանն իմ ընկերն է ու նա շատ լավ կղեկավարի այդ կառույցը, քանի որ ինչ ծրագրեր դրվել է ՊԵԿ-ի վրա Գագիկ Խաչատրյանը բարձր մակարդակով կատարել է: Ու ես վստահ եմ, որ ինքը, որպես ՀՀ ֆինանսների նախարար, նորից շատ լավ կկատարի իր առջեւ դրված խնդիրը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս