«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԼԻՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում տարատեսակ լուրեր են պտտվում առ այն, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը մտադիր է լքել Հայ ազգային կոնգրեսը: Ընդ որում, այս լուրերը տարածվում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարներից: Սակայն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրերը:
-Պարո՛ն Սարգսյան, խոսակցություններ են պտտվում, որ ամերիկյան ուղղվածության կուսակցությունները, ըստ մշակված նախագծի, ցանկանում են ընտրություններին դաշինքով մասնակցել: Ըստ այդմ, Դուք տեղավորվում եք «Ազատ դեմոկրատներ»-ի եւ «Ժառանգության» հետ հնարավոր դաշինքի մեջ:
-Ես ինքս ավարտել եմ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը: Բավականին լավ եմ սովորել եւ աչքի էի ընկնում` լավագույն նախագծեր անելով: Ես չեմ կարող որեւէ մեկի նախագիծը լինել եւ որեւէ նախագծի տակ լինել: Այո՛, մոտեցումների առումով, մոդելների առումով ես ժողովրդավարական մոդելի կողմնակիցն եմ, ինչի լավագույն օրինակը Միացյալ Նահանգներն են: Ես շատ կուզենամ, որ Հայաստանը զարգանա այդ մոդելով: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ որեւէ երկրի քաղաքական որեւէ ուժ կարող է ազդեցություն ունենալ իմ գործողությունների վրա:
-«Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է Կոնգրեսի հետ դաշինքո՞վ:
-Այո՛, մենք Կոնգրեսի հետ ենք մասնակցելու ընտրություններին: Ընդհանրապես, «Հանրապետություն» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել հասարակական լայն զանգվածների ներգրավմանը` երկրում ռադիկալ փոփոխություններ կազմակերպել: Նկատի ունեմ գործող համակարգը ռազմաքանդելու եւ սահմանադրական կարգը հաստատելու: Ասեմ, որ մեր ժողովուրդը միշտ փոփոխության հասնելու հնարավորությունը տեսնում է համախմբվածության մեջ: Եւ էնտեղ, որտեղ համերաշխություն է, էնտեղ` հաղթանակ: Կան տարաձայնություններ բազմաթիվ խնդիրներում: Կոնգրեսում ներգրավված են բազմաթիվ կուսակցություններ, որոնք թե՛ աշխարհաքաղաքական ընկալման առումով, մոդելների մոտեցումների առումով, թե՛ տնտեսական առումով, թե՛ կառավարության եւ սահմանադրության առումով ունեն տարբեր մոտեցումներ: Բայց երկրի առաջ ծառացած խնդիրներն իրենց բովանդակության մեջ էնքան կարեւոր են, էս փակ շրջանից դուրս գալու խնդիրն էնքան կարեւոր է, որ դրանք` այդ տարաձայնությունները, այդ կարեւորության մոտ երկրորդական խնդրի են վերածվում:
-Ասում եք` «իհարկե, կան տարաձայնություններ». դրանք իրենց «գործը չե՞ն արել», հնարավո՞ր է, որ պառակտման շրջան սկսվի:  
-Գիտեք, Կոնգրեսն անցել է բազմաթիվ փորձություններ, եւ էդ փորձություններից յուրաքանչյուրն իր հետքն է թողել, ընդ որում, թե՛ դրական առումով, թե՛ բացասական: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ` դրական հետքը` դժվարությունների ու ծանրությունների, մի քանի անգամ ավելի մեծ է, քան էն բացասական, որ ինչ-որ պահերի նեղվածության, անհատական սուբյեկտիվ ընկալումների կամ գաղափարախոսության առումով տարբեր մոտեցումներ ունենալու մասով կարող են լինել:
-Իշխանական կուլիսներում շարունակ լուրեր են պտտվում, որ Կոնգրեսին չի հաջողվի ընտրացուցակները սահուն կազմել, եւ կլինեն նեղացողներ, որոնք պարզապես կլքեն Կոնգրեսը:   
-Ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանություններն աշխատում են, որպեսզի Կոնգրեսում լուրջ ազդեցություն ունեցող կուսակցությունների մեջ կասկածներ սերմանեն: Եւ լուրերի այդ ցանցը` ռուսամետություն, արեւմտամետություն, իրենք են` իրենց կառույցներով: Այո՛, Կոնգրեսում վառ անհատականությունները բավականին շատ են, դրա համար էլ ցուցակներ կազմելը բավականին բարդ է: Էստեղ Հանրապետականի նման չէ, որ ասեն` շարվե՛ք, ու բոլորը շարվեն ըստ հասակի կամ առանց հասակի: Էստեղ յուրաքանչյուրը գիտի իր արժեքը, իր գինը, եւ էստեղ սխալվելը կամ ոչ ճիշտ ընտրություն անելը բավականին բարդ է: Բայց Կոնգրեսն ունի լուրջ առավելություն, որովհետեւ էստեղ անհատականությունները հասկանում են, որ երկրի խնդիրն իրենց պատգամավոր դառնալով չէ, որ լուծվում է: Էականն այն է, որ հասարակությունը հավատա քեզ, գա ընտրության, ու ընտրությունը կազմակերպվի արդար:  Ա՛յ սա է Կոնգրեսի աշխատանքը:
-Պարո՛ն Սարգսյան, քաղաքական ուժերի վերադասավորման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ինչքանո՞վ եք ռեալ համարում:
-Ես ընդհանրապես համարում եմ, որ շատ լավ է, որ նա այդ հույսերը փափագի եւ սկսի իր փողերը ծախսել. գոնե մի լավ բան արած կլինի այս ժողովրդի համար: Նա երբեք չի ծախսել, միայն հավաքել է: Ինձ համար միեւնույն է` ինքն աշխատում է ստվերային, թե հրապարակային: Բայց մարդը, ում իշխանության ժամանակ եղավ հոկտեմբերի 27, ում իշխանավարությունն ավարտվեց մարտի 1-ով, մարդը, ով 2004-ի ապրիլի 12-ին կոլցո օպերացիա արեց, մարդը, ով իր ուսանողական ընկերոջը դատապարտեց մահվան` «Առագաստ» սրճարանում իրեն պատշաճ չբարեւելու համար, այդ մարդը ոչ միայն թեկնածություն առաջադրելու, կայք ունենալու, բարձր խոսելու, այլեւ ընդհանրապես եթե ամոթ ունենար, կգնար հեռու մի տեղ, գլուխը կախ կապրեր ու ամեն օր Աստծուց թողություն կխնդրեր:
-Սա բարոյական տեսանկյունից: Բայց քաղաքականության մեջ բարոյականությունը «կատեգորիա» չէ:
-Եթե նայում ենք քաղաքական տեսանկյունից, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լուրջ պրոբլեմ է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ մյուս այն ուժերի ներկայացուցիչների համար, որոնք ողջունել են Սերժ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանը նման բաներ չի սիրում:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս