ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ
Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե արդյոք դուրս է գալիս կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը, ասել է. «Դուք ուզում եք, որ նորի՞ց պատասխանեմ, բայց չեմ կարող պատասխանել, եւ ես ասել եմ դե ֆակտո, այո՛: Իսկ դա էլ բավական է, որ երկրի վարչապետը նման արտահայտություն է արել: Ես հիմա ավելացնելու ոչ մի բան չունեմ, քանի որ մենք պետք է այդ հարցը քննարկենք 6 խմբակցությունների հետ»:
ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում մեկ նախարարության մեջ կմիավորվեն հարկային, մաքսային կառույցները՝ երեկ ԱԺ-ում ասել է. «Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ, քննարկումները երբ կավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի՝ դուք կիմանաք»։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե ինչպես նա կարձագանքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որ «եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում հայեր չէին ապրի», ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն ասել է. «Այսօր Գերմանիայում հրեաներ են ապրում, բայց ոչ ոք չի հանդգնի ասել, թե Հոլոքոստ չի եղել: Թուրքիան լավ կանի` հետեւի Գերմանիային, հաշտվի իրականության հետ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դատապարտի եւ ներողություն խնդրի»:
ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը, ով 2006 թվականից ՀՀ գլխավոր ուռոլոգն է, նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, որն, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոսին, ԳԱԼԱ-ի հարցին՝ անձամբ Սերժ Սարգսյանի՞, թե՞ նորանշանակ վարչապետի կողմից եք առաջարկ ստացել՝ զբաղեցնել առողջապահության նախարարի պաշտոնը, պատասխանել է. «Երկրի ղեկավարության կողմից՝ ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի կողմից ունեցել եմ առաջարկ, որից հետո եղել է նշանակումը»:
ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ ՆՈՐ ԱԱԽՔ
Armlur.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կնշանակվի ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Հիշեցնենք, որ քաղաքական հայացքների հերթական փոփոխությունների պատճառով ապրիլի 25-ին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրաժարական էր ներկայացրել ԱԱԽ քարտուղարի պաշտոնից: Կայքի փոխանցմամբ` նշանակմանը կարելի է սպասել մոտ օրերս: