ՀՀԿ-Ն՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեռ չանցած խորհրդարանական կառավարման սահմանադրական կարգի, արդեն խորհրդարանական ճգնաժամ է հասունանում. ԱԺ երեկվա նիստում երեւացին դրա առաջին դրսեւորումները:ՀՀԿ-ն սառը ցնցուղ ընդունեց, երբ խորհրդարանական վեց խմբակցություններից հինգը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը, հայտարարեցին «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը բոյկոտելու մասին:

Սա խուճապի մատնեց ՀՀԿ-ին, քանզի այդ պահին դահլիճում կար 64 ՀՀԿ-ական, ասել է թե՝ իշխանությունները չունեին նախագիծն անցկացնելու համար անհրաժեշտ քվորում՝ 66 ձայն: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հ.Սահակյանն անմիջապես 20 րոպե ընդմիջում խնդրեց, եւ այդ ընթացքում ՀՀԿ-ն սկսեց հայտնի մեթոդներով խորհրդարան բերման ենթարկել իր ներկայացուցիչներին: Ընդմիջումից հետո 67 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: Այսինքն՝ ՀՀԿ-ն հազիվհազ, մի կերպ կարողացավ ընդունել օրենքը՝ նվազագույն ձայներով:
Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, եւ երեկ տեղի ունեցածն ընդամենը առաջին ծիլերն էին: Ավելի լուրջ նախագծերի քվեարկության ժամանակ հինգ ուժերը իշխանություններին շատ ավելի մեծ անհարմարություններ կպատճառեն: Նույնիսկ մինչեւ վերջերս իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը մտել է արմատական ընդդիմադիրի կերպարի մեջ, եւ իր քայլերն այժմ փորձում է համահունչ դարձնել «հրաշալի քառյակ»-ի գործողություններին: Իսկ սա նշանակում է, որ ՕԵԿ-ի վրա եւս իշխանությունները չեն կարող հույս դնել: Ու հիմա որքան էլ ՀՀԿ-ականները պնդեն, թե քվեարկությունների օրերին իրենք «կազմակերպված կաշխատեն», իրենց պատգամավորները չեն մեկնի գործուղումների, միեւնույն է՝ միշտ չէ, որ նրանց կհաջողվի ապահովվել 66 քվե: Ասել է թե՝ ՀՀԿ-ին առաջիկայում բավականին դաժան օրեր են սպասվում:
Հայաստանում հասունացող խորհրդարանական ճգնաժամին զուգահեռ ճգնաժամային իրավիճակ է նաեւ խորհրդարանի աշխատանքներում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ըստ էության, չի կարողանում վերահսկել իրավիճակը: Բացի այն, որ դահլիճում պարբերաբար իրարանցում է, աղմուկ, արդյունքում՝ խանգարվում են ԱԺ աշխատանքները, երեկ Սահակյանը նիստը վարում էր հուզված, խոսելիս պարբերաբար շփոթվում էր, նույնիսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին դիմեց «պարոն»-ով, բայց եւ՝ շատ արագ ուղղեց ինքն իրեն:
Հինգ ուժերի երեկվա բոյկոտն, ի դեպ, ուշագրավ էր մեկ այլ առումով.եւս: Քվեարկվող նախագծի համահեղինակներից է նաեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Բայց ԲՀԿ-ն երեկ բոյկոտեց իր խմբակցության պատգամավորի համահեղինակած նախագծի քվեարկությունը: Բոյկոտողների թվում էր նաեւ անձամբ Մելքումյանը: Սա, թերեւս, կարելի է համարել նոնսենս: Չնայած, ԲՀԿ այս պահվածքն ինչ-որ տեղ գնալով ավելի ու ավելի հասկանալի է դառնում: Ստացվեց, որ հակառակ «հրաշալի քառյակ»-ի, ԱԺ նախագահ նշանակելու ընտրություններին մասնակցելուց հետո, ԲՀԿ-ն երեկ որոշել էր ինքնաբոյկոտով ինքնամաքրվել: Մանավանդ որ երեկ «հրաշալի քառյակ»-ի նիստում բարձրացվել է ԲՀԿ-ի պահվածքի մասին հարցը: Սակայն ԲՀԿ-ականները գտել են երկաթյա «ալիբի», արդարացնելու` ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցած անձանց, այն է` մասնակիցներից ոչ բոլորն են քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին. մոտ 6-7 ԲՀԿ-ական պատգամավոր ընտրել է Հ.Բագրատյանին: Ավելի ուշ, ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը հերթով հանդես եկան համապատասխան հայտարարությամբ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն, Բագրատյանի օգտին քվեարկել են նաեւ Վահե Էնֆիաճյանը, եւ մի քանի այլ ԲՀԿ-ականներ: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, սակայն, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, որ իրենք որեւէ կեղծիք չեն արել, եւ այդ հայտարարությունները ստահոդ են: Ս.Ավետիսյանը նաեւ նշեց, թե իրենք առաջարկել էին Հրանտ Բագրատյանին, ձայներն ամփոփելիս ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, բայց նա հրաժարվել էր:
Նկատենք, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կատարվածի մեջ ունի իր մեղքի բաժինն այնքանով, որ խորհրդարանում անցկացվող ընտրություններից հետո, գրեթե մշտապես կասկածներ են եղել, որ ձայները կեղծվել են: Ու հիմա, երբ 5 ուժերը բոյկոտել են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները, ՀՀԿ-ականներին հանձնաժողովում թողնելով միայնակ, պետք է հաշվարկեին նման սցենարի կրկնությունը: Ուստի, նրանք կամ պարզապես պետք է չմասնակցեին քվեարկությանը, կամ վերջին պահին պիտի վերահսկեին հանձնաժողովին: Նշենք, որ ՀՀԿ-ականները խոստացել էին այսուհետ հաշվիչ հանձնաժողովի արդյունքները ամփոփել բաց՝ հրավիրելով նաեւ լրագրողներին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:
Հ. Գ. ԲՀԿ-ն մի պահ էլ փորձեց ինքնամաքրվել՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` վարչապետ Հովիկ Աբրահամյանին մի քանի սուր հարց տալով: Նկատենք, որ ԲՀԿ-ն ինքնամաքրվելու մեկ տարբերակ ունի, եթե «հրաշակի քառյակ»-ի կազմում միասնական հանրահավաք անցկացնի: Մնացած ցանկացած քայլ՝ կիսաքայլ է, եւ չի մաքրի նրանց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս