ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, խոսելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պրոբացիոն ծրագրի իրականացման մասին, կարծիք հայտնեց, որ տեսականորեն չի կարող բացառել, որ կլինեն կոռուպցիոն ռիսկեր:

Դեռւես 2013թ. մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգում բարեփոխումներ նախատեսող պրոբացիոն ծրագրի ներդրման եւ համանուն ծառայություն ստեղծելու նպատակով մասնագետների խումբ է մեկնել ԱՄՆ վերապատրաստման նպատակով:
Պրոբացիոն ծրագիրը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության եւ ԵՄ համատեղ աշխատանքի արդյունքում: Այս ծառայությունը գործելու է քրեակատարողական ծառայության համակարգում առկա այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հենքի վրա եւ նպատակ ունի նվազեցնել կրկնահանցագործությունները, կրճատել պատժատեսակը, ինչը կնպաստի այդ ոլորտում ծախսերի քչացմանն ու հանցավորության մակարդակի իջեցմանը:
Ծրագրի նապատակն է նաեւ դատապարտյալների վերաինտեգրումը հասարակությունում եւ պատժի նպատակների առավել ճիշտ իրականացումը: Ավելին՝ ծրագրի շնորհիվ ՀՀ-ում ազատազրկման պատժատեսակի կրճատման շնորհիվ կթեթեւանա նաեւ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը:
Սակայն տարօրինակն այն է, որ առաջին հայացքից դատապարտյալների օգտին իրականացվող ծրագրից, առաջին հերթին մտահոգված են հենց նույն դատապարտյալները: Եվ մինչ ՀՀ ԱՆ եւ ԵՄ խոսում են նախագծի արդյունավետության մասին, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած մի շարք ՔԿՀ-ների դատապարտյալներ թերահավատորեն են արտահայտվում նախաձեռնության մասին. «Արդարադատության նախարարությունը գրանտ է վերցրել եւ ուզում է այս ծրագիրը կյանքի կոչել: Մեզ հայտնել են, որ ծրագրից սկզբնական շրջանում կօգտվեն այն դատապարտյալները, ովքեր մեղմ հանցանք են գործել: Նրանց ձեռքերին կապելու են շղթաներ, որ երբ դատապարտյալը ՔԿՀ-ից դուրս գտնվի, այդկերպ կարողանան հսկեն նրա գործունեությունը: Ոնց հավատանք այս ծրագրին, եթե ՔԿՀ-ում իր պատիժը պատվով կրող դատապարտյալը, ով օրենքի շրջանակներում պայքարում է իր վաղաժամկետ ազատ արձակման համար ու արդյունքի չի հասնում։ Ինչպես կկարողանան նրանք վերահսկել ՔԿՀ-ից դուրս գտնվող դատապարտյալին եւ մի հատ էլ գնահատական տան նրա վարքին: Թող մինչեւ ազատությունից զրկելը մտածեին դրա մասին»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ ծրագրին մանրամասն չի տիրապետում, բայց թերահավատորեն է մոտենում: «Ընդհանրապես լավ կլիներ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարողները` հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են արել, չդատապարտվեին ազատազրկման: Քանի որ նրանց ազատազրկել, հետո որոշակի քայլեր իրականացնել նրանց ինտեգրման համար շատ անմիտ պրոցես է: Հատկապես հաշվի առնելով մեր ՔԿՀ-ների վիճակը, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում: Պետք է ասեմ, որ այլ կարծիք ունեմ այս մասին: Այս ծրագիրը կապված է սուբյեկտիվ գործոնների հետ: Այսինքն՝ ով է որոշելու, թե որ դատապարտյալը կհայտնվի պրոբացիոն ծրագրի տակ եւ ինչ չափանիշներով: Ինչ չափանիշներ էլ ընդունվեն, մեկ է՝ սուբյեկտիվությունը լինելու է: Օրինակ՝ վաղաժամկետ արձակման հետ կապված հստակ չափանիշներ կան, թե ովքեր կարող են ազատ արձակվել, բայց մեկ է՝ սուբյեկտիվությունը գործում է ու այս վերջին տարիների ընթացքում շեշտակի նվազել է վաղաժամկետ ազատ արձակվողների թիվը»:
Ինչեւէ, երեկ ՀՀ կառավարության նիստից բավականին տխուր հեռացող ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պրոբացիոն այս ծրագիրը չի՞ խթանի Հայաստանում կենցաղային հանցագործությունների թվի աճին. «Այն երկրների փորձը, որ մենք ուսումնասիրել ենք, իրականում դա ցույց չի տալիս: Այսպես ասեմ. գրիպով հիվանդին մենք չենք տանում հիվանդանոց պառկեցնելու, հատկապես այն դեպքում, երբ այդ հիրվանդանոցում կան այլ վարակներ ու այդ գրիպով հիվանդն այնտեղ նոր հիվանդություններ ձեռք կբերի ու հիվանդանոցից դուրս գալուց հետո կսկսի այն տարածել: Մենք փորձում ենք գրիպով հիվանդին դրսում բուժել եւ դրանից չենք ասում, չէ, որ գրիպը դրանից շատ է տարածվում եւ այլն, եւ այլն: Հիմա դա նույնն է, մենք պետք է հասկանանք, թե այդ մարդկանց ինչ աստիճանի ենք մեկուսացնում, եթե հանցանքի աստիճանից ելնելով հնարավոր է նրան առանց ազատազրկման ուղղել, դաստիարակել, ուրեմն պետք է գնալ այդ քայլին»:
Մեր այն հարցին, թե դատապարտյալներն իրականում թերահավատորեն են մոտենում եւ պրոբացիան ընդամենը գրանտային ծրագիր են համարում, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ցանկացած ծրագիր իր մեջ ունի նոր մեխանիզմներ եւ տեսականորեն չեմ կարող բացառել, որ կլինեն կոռուպցիոն ռիսկեր»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս