ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2013 թվականին պետական գերատեսչություններում կատարվել է 29 ստուգում, մեկ ստուգում կասեցվել է: Կառավարության երեկվա նիստում, ներկայացնելով ստուգումների արդյունքները, ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2013թ. ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2013թթ. արձանագրված գումարներից պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ 273 մլն 690 հազար դրամ: Իրականացված ծրագրային ստուգումներում ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով երեք նախարարություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության եւ գիտության, դրանց ենթակայության կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության թվով 2 հարկային տեսչություններ եւ մեկ մաքսատուն: Ստուգումներ են իրականացվել նաեւ մարզերում: Արդյունքում` 2013թ. ընթացքում 6 գործ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2013թ. գործազրկության մակարդակի վերաբերյալ եռամսյակային ցուցանիշները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա: Արդյունքում տարվա սկզբին նկատվել է գործազրկության մակարդակի նվազում, իսկ տարեվերջին՝ աճ: Այսպես. առաջին, երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում գործազրկության մակարդակը եղել է համապատասխանաբար 16.9%, 16.2%, 15.4% եւ 16.2%: Բացարձակ թվով խոսքը համապատասխանաբար 230 հազար, 228 հազար, 215 հազար եւ 226 հազար գործազուրկների մասին է:

834 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է «Կագա Ագրո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, իսկ արտադրանքի ծավալը 2015թ. կկազմի շուրջ կես մլրդ դրամ:




Լրահոս