Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
Մաեստրոյի երաժշտության երկրպագուներին հետաքրքրում է, թե երբ են լինելու նրա հոգեհանգստի, թաղման արարողությունները, որպեսզի կարողանան վերջին հրաժեշտը տալ իրենց սիրելի երաժշտին։ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ Մաեստրոյի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ արդեն ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով, որի աշխատանքները կղեկավարի հենց ինքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաթյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը… Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաեւ Մաեստրոյի զարմիկը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը, ով Մոսկվայից մեկնելու էր ԱՄՆ։
Մշակույթի նախարարությունից նաեւ ասացին, որ դեռեւս պարզ չէ, թե Մաեստրոյի դին երբ կբերվի Հայաստան, քանի որ տեղափոխմանը նախորդում են բավականին երկար տեւող արարողակարգեր։ Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի դեպքում մեկ ամիս էր տեւել մինչեւ ԱՄՆ իշխանություններից ստացվել էր տեղափոխման համաձայնությունը։ ԱՄՆ-ից ստույգ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո տեղի կունենա կառավարական հանձնաժողովի նիստը, կճշտվեն բոլոր մանրամասները, որոնց մասին համապատասխան տեղեկատվություն կներկայացվի նախարարության պաշտոնական կայքէջում։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ