ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆՔ ԱՅՍ ԱՊՈԿԱԼԻՊՏԻԿ ՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը համոզված է. «Երկու տասնյակից ավելի տարիներին իրականացված կադրային անողոք ջարդը մեզ բերեց նրան, որ եթե, Աստված ոչ բարով, լինեի նախագահ կամ վարչապետ, եւ ինձ հարցնեին՝ ո՞ւմ կնշանակես նախարար, կդժվարանայի ընտրություն կատարել։ Օրինակ՝ Սփյուռքի համար պարզապես շատ վատ դերակատարություն ունի Հրանուշ Հակոբյանը, մշակույթի համար՝ Հասմիկ Պողոսյանը. կոմունիստական վարչակարգից մնացած անձնավորություններ են, որոնք ոչ մի դրական բան չեն արել այս տարիների ընթացքում»։

Վահրամ Թաթիկյանը կարծում է, որ Հայաստանն այսօր պարզապես չունի մտավոր, գաղափարական, կադրային ռեսուրս, եւ մենք գտնվում ենք մի անկման մեջ, որի նմանը երբեք չենք ունեցել։ Բայց չի ցանկանում հուսահատվել, որովհետեւ հավատում է «հայի վերջին խելք» կոչված բարձրագույն կատեգորիային։ «Այսօր մեր ազգի համար կա մի փորձություն, մի հրամայական. պետք է կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչ բան է Մուսա լեռը եւ նրա վերջին բեկոր Քեսաբը։ Իսկ եթե հանկարծ Քեսաբի կորստի հետ համակերպվենք, եւ դա դառնա սովորական փողոցային դժգոհությունների ակցիա, կկորցնենք նաեւ Ղարաբաղը։ Ընդհանրապես ամեն ինչ թելադրվում է աշխարհի խոշոր կենտրոններից, երբեմն ասում են՝ էդ կենտրոնը Ռուսաստանն է կամ ԱՄՆ-ը։ Ոչ, նրանք ողորմելի դրության մեջ են, եւ նրանց էլ թելադրում են։ Չեմ ցանկանում ենթադրությունների գիրկը ընկնել, բախտագուշակ լինել եւ ասել, թե այսօր աշխարհի քաղաքական զարգացումները, որոնք մարդկությանն ընդհանուր առմամբ տանում են դեպի կործանում, որտեղից են թելադրվում։ Եվ ում է պետք այս ապոկալիպսիսը, որ մատուցվում է։ Միայն կարող եմ ասել, որ ազգը պետք է հավաքվի, զգոն լինի»։
Ապա մեր զրուցակիցն անդրադարձավ բնապահպանական խնդիրներին, որոնցով շատ վաղուց է զբաղվում։ Ըստ նրա՝ բնապահպանության նախարարը բնության թշնամին է, նախորդն էլ էր այդպիսին. նրանք բնությունը դիտում են որպես ռեսուրս, որը պետք է անխնա շահագործեն։ «Բայց այսօր կդժվարանայի նաեւ ընդդիմադիրներից, սուտ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից որեւէ մեկին նշանակել այդ պաշտոնում. ո՛չ խորը գիտելիքներ ունեն, ո՛չ էլ պայքարի մարտավարություն… Ոմանք համոզում են, որ մեր երկիրն աղքատ է բնական ռեսուրսներից, բայց այդ 29 հազար քառակուսի կմ տարածքով՝ Ղարաբաղն էլ գումարած,Հայաստանն աշխարհի ամենահարուստ վայրերից է, որտեղ Մենդելեեւի աղյուսակի համարյա բոլոր բաղադրիչները կան։ Ու նաեւ ջրային ռեսուրսներն են բավական՝ սկսած մաքուր ջրից մինչեւ արտեզյան ջրհորները եւ այլն»։
Վ. Թաթիկյանը 1976-ին գրել է «Մեռնող քաղաք, իմ սեր», 1969-ին՝ «Վերջին սենտիմենտալը» երգերը, որտեղ ներկայացրել է անապատ դարձող լեռների պատկերը։ «Էկոլոգիական պրոբլեմը, որը 1987-ի հոկտեմբերի 27-ին ձեւակերպվեց իմ, Հակոբ Սանասարյանի, Կարինե Դանիելյանի, Կարեն Սիմոնյանի եւ համալսարանի բանասիրական ֆակուլտետի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հանգեցրեց Հայաստանում առաջին էկոլոգիական ցույցին։ Երգեցի «Մեռնող քաղաք, իմ սեր»-ը, ուսանողությունը գնաց Օպերայի հրապարակ եւ այնտեղ հանդիպեց մի ողորմելի խմբի, որը Իգոր Մուրադյանի գլխավորությամբ ստորագրություն էր հավաքում Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով։ Մի 200 ստորագրություն էին հավաքել։ Հետո էկոլոգիական շարժումը փոխակերպվեց այդ պահին առավել հրամայական ղարաբաղյան շարժման։ Բայց, ցավոք, երբ շարժումն իր առաջին հաղթանակը տոնեց, հենց այն մարդիկ, ովքեր դրա հետեւանքով եկան իշխանության, զբաղվեցին հարստահարությամբ։ Մեր ազգի ողբերգությունն այն էր, որ չհասկացանք՝ քաղաքական, ղարաբաղյան շարժումները եւ բնապահպանությունը ամբողջական երեւույթ են, ազգը պիտի պայքարի ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական տարածքի, այլ հանուն այդ տարածքի բնության։ Եվ դա չհասկանալով՝ հասանք այս ապոկալիպտիկ վիճակին, դրա հետեւանքով առաջացան վարչապետեր եւ այլն, որոնք, իրենց ձեռքի տակ ունենալով տնտեսական լծակներ, անխնա ոչնչացրեցին նաեւ բնությունը, մեր ռեսուրսները»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս