ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարում կարծես թե բացարձակ անիշխանություն է: Առայժմ, դատելով կոալիցիոն կուսակցությունների հայտարարություններից, հայտնի է մեկ բան. այս պահին կոալիցիայում բոլորը հակված են ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: Իսկ թե ինչ տեսք կունենան ընտրացուցակները, այդ հարցի շուրջ կարծես թե չի կայանում կոնսենսուս: Եւ արդյունքում, մեղմ ասած, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Իշխանական կուսակցություններում արդեն իսկ սկսվել է հրմշտոցն ու իրար վրա «բոչկա գլորելը»:
Եթե ԲՀԿ-ի դեպքում ակնհայտ է, որ համամասնական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ-ի դեպքում` Արթուր Բաղդասարյանը, ապա ՀՀԿ-ում այս հարցում դեռ որոշում չկա. ՀՀԿ-ում մի մասը ցանկանում է, որ ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը` երկու հիմնավորմամբ` կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը պետք է զբաղեցնի կուսակցության նախագահը, եւ երկրորդ` այդ տեղի համար չկա այլընտրանքային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ում կա նաեւ մտայնություն, որ Ս.Սարգսյանի` ՀՀԿ ցուցակը գլխավորելու դեպքում դա չի ընդունվի միջազգային հանրության կողմից, ընդդիմությունն էլ այն կշահարկի որպես ընտրական գործընթացին անուղղակի միջամտություն: Եւ այդ իսկ պատճառով այնտեղ ստիպված ցանկանում են ցուցակի առաջին համարում տեսնել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որին, սակայն, ՀՀԿ-ում միանշանակ չեն ընդունում:
Ու եթե ՀՀԿ ցուցակի առաջին համարի հարցն առաջիկայում կարող է առանց բարդությունների լուծվել, ապա նույնը չի կարելի ասել դրան հաջորդող տեղերի համար: Համամասնական ցուցակի մյուս հորիզոնականները զբաղեցնելու հարցում ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԲՀԿ-ում արդեն իսկ հրմշտոց է սկսվել: Մեր աղբյուրների պնդմամբ` Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ցանկանում է, որ ՀՀԿ ցուցակը ներկայանա նոր դեմքերով, մասնավորապես այնտեղ անցողիկ համարներում մեծ տեղ ունենան իր երիտասարդ ընկերները: Հասկանալի է` խոսքը արտերկրում կրթություն ստացած, օսլայած մազերով կարիերիստների բանակի մասին է, որոնց, սակայն, չի ընդունում ՀՀԿ-ի գաղափարական թեւը: Ու քանի որ ըստ էության ՀՀԿ-ում Ս.Սարգսյանի փեսան թելադրողի կարգավիճակում է, դա ոչ միայն նյարդայնացնում է հին ՀՀԿ-ականներին, այլեւ` կուսակցության ներսում լարում հարաբերությունները:
Երիտասարդներն էլ, իհարկե, իրենց փաստարկն ունեն. ժամանակին նույն Սերժ Սարգսյանն է խոստացել, որ ՀՀԿ-ն ներկայանա նաեւ թարմ դեմքերով, ավելին, ՀՀԿ ծերակույտը, ԱԺ-ում կոճակ սեղմելուց բացի, ոչնչով չի զբաղվում, ուստի պահանջում են, որ նրանք զիջեն դիրքերը:
Իսկ հին ՀՀԿ-ականների գվարդիան, դատելով ՀՀԿ ներսում առկա տրամադրություններից, հակված չէ հեշտությամբ գնալ զիջումների` որպես հիմնավորում բերելով այն հանգամանքը, որ հասարակությունը, ՀՀԿ ասելով, ճանաչում է առաջին հերթին Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի թիմակից ընկերներին, այսինքն` իրենց: Ու քանի որ Սերժ Սարգսյանը մշտապես խուսափում է կտրուկ որոշումներ կայացնելուց, ՀՀԿ ներսում իրավիճակը կարծես թե գնալով ավելի է լարվում: Այս ամենին գումարվում են նաեւ մանր-մունր ներկուսակցական ինտրիգները: Որքան էլ արտաքուստ համոզեն, թե ՀՀԿ-ում ոչ թե լարված, այլ հաշտ, համերաշխ, գործնական մթնոլորտ է, «Ժողովուրդ»-ի աղբյուրները բոլորովին այլնի մասին են վկայում: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր տեղն ամրապնդել մյուսի հաշվին` իր համար հարմար տանիք ընտրելով եւ մեթոդների ու միջոցների մեջ խտրականություն չդնելով:
Գրեթե նույն վիճակն է նաեւ ԲՀԿ-ում: Այս անգամ դժվար թե ԲՀԿ-ն դիմի իր նախկին փորձին, երբ անցողիկ համարներում ընդգրկել էին գիտության եւ արվեստի նշանավոր գործիչների, որոնք, սակայն, հետագայում հրաժարվեցին պատգամավորական մանդատներից, ու խորհրդարան եկան բիզնեսմենները: Հիմա ԲՀԿ-ականներից ամեն մեկը փորձում է իր անձնական նվիրվածությունը ցույց տալ Գագիկ Ծառուկյանին: Իսկ ցուցակում իր տեղն ամրապնդելու համար ԲՀԿ-ական գործարարներից ամեն մեկը փորձում է իրեն հալածյալի կարգավիճակում ներկայացնել ու համեմատվել մյուսների հետ` իշխանության ներքին խմորումների արդյունքում ով է ումից ավելի տուժել, ում օբյեկտներում են ավելի շատ ստուգումներ իրականացրել: Եւ բնականաբար, ըստ նրանց, այդ ամենն արվել է, քանի որ հավատարիմ են իրենց արքա Ծառուկյանին:
Պաշտոնապես, սակայն, ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԲՀԿ-ում հերքում են այս լուրերը: Ավելին, ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից վստահեցրին, որ իրենք համամասնական ցուցակի հարց ընդհանրապես չեն քննարկել: Վստահեցրին: Բայց` հավատացող չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս