ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել Բանգլադեշցի Համո մականունով հայտնի 48-ամյա Աշոտ Ավետիսյանի նկատմամբ: Ավետիսյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն):
ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Armlur.am-ի տեղեկացմամբ` Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալվել են Նարեկ Մանվելյանը` Davidoff ծխախոտային ապրանքանիշը Հայաստանում ներկայացնող «Ավերս» ընկերության բաժնետեր Արթուր Մանվելյանի որդին, եւ Էդգար Նահապետյանը` «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբոր որդին:
ՀԱԿ-Ը «ԳՑԵ՞Լ Է»
Ըստ Aravot.am-ի աղբյուրների` ՄԻԵԴ-ից իրենց գանգատները հետ վերցնելու հիմնական շարժառիթներից է եղել այն, որ նախկին դատապարտյալների գործերով զբաղվող ՀԱԿ-ի վարձած փաստաբաններից ոմանք հայտնվել են ծանր կացության առջեւ, քանի որ Կոնգրեսում հրաժարվել են վճարել փաստաբաններին կատարած աշխատանքի դիմաց: ՀԱԿ-ից նրանց կանչել եւ ստորագրել են տվել մի փաստաթղթի տակ, ըստ որի` փաստաբաններն իրենց մատուցած ծառայությունների դիմաց իբր ստացել են որոշակի գումար: ՀԱԿ-ում նրանց խոստացել են այդ գումարը վճարել, բայց քանի որ այս խոստումը չի կատարվել, փաստաբաններն էլ չեն վճարել համապատասխան եկամտահարկը պետությանը: ՊԵԿ-ի աշխատակիցներն էլ այդ փաստաբանների հաշվապահական փաստաթղթերի ստուգումից հետո նրանցից հաշիվ են պահանջել: Փաստաբանները ստիպված են եղել դիմել ՀԱԿ-ի համապատասխան հանձնախմբի ղեկավարին: Խոստացվել է հարկայինի պարտքի մասով գումարը փոխանցել, բայց դա էլ չի արվել: Արդյունքում փաստաբանները ստիպված են եղել դիմել իրենց վստահորդ նախկին քաղբանտարկյալներին ու բացատրել, որ իրենք չեն վճարվել ՄԻԵԴ ուղարկված գանգատների ձեւակերպման համար: Ինչն էլ, ըստ «Առավոտ»-ի, այդ գանգատներից հրաժարվելու շարժառիթ է դարձել:
ՄԱՀԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ
ՀՀ զինված ուժերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա` 2011 թվականի ընթացքում մահվան ելքով 36 դեպք է գրանցվել` 2010 թվականի 54-ի դիմաց: Անցած տարի գրանցվել է ծառայության անցնելու հետ կապված սպանության երկու դեպք` նախորդ 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այս ցուցանիշը նվազել է շուրջ 80.8%-ով:
ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Հունվարի 18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էսենցիայի թունավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանը: Նրան տանն արյունահոսելիս հայտնաբերել է կինը եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քր.Օր 110 հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով երեկ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Առայժմ կասկածյալներ եւ ձերբակալվածներ չկան:
ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԳՆԵՑ
Հայտնի է Jose ռեստորանային համալիրի նոր սեփականատիրոջ անունը: Slaq.am-ի տեղեկացմամբ` ռեստորանային համալիրը նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանի ակնկալած 12 մլն դոլարից մի փոքր ավելի թանկ գնով ձեռք է բերել ԱԺ պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը: