ԵՄ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը լիովին աջակցում է 1994 թվականին կնքված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությանը: Այդ մասին ասված է մայիսի 15-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակված Եվրամիության հայտարարությունում:

«Ինչպես ընդգծում են համանախագահները, այս համաձայնագիրը վերջ դրեց բաց պատերազմին, սակայն հակամարտությունը չլուծեց: Վերջնական կարգավորման բացակայությունը նախևառաջ զգում է բնակչությունը»,- ասված է հայտարարությունում:

Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնում շփման գծում զինված միջադեպերի վերաբերյալ հաղորդումների և զոհերի մեծ թվի պահպանման կապակցությամբ:
Կառույցը դատապարտում է ուժի ցանկացած տեսակի կիրառում և կոչ անում ներգրավված կողմերին խուսափել գործողություններից, որոնք մեծացնում են լարվածությունը:

Այդ նպատակով Եվրամիությունը կոչ է արել կողմերին խստորեն պահպանել հրադադարը, վերջ տալ շփման գծում երկու կողմերից ներխուժումներին և զսպվածություն ցուցաբերել։

Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, արդար և տևական կարգավորման հասնելու ջանքերում առաջընթաց գրանցելու համար, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի ապագայի համար:

«Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը 2009-2013 թվականներին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարություններում առաջարկված բոլոր սկզբունքներին՝ առանց բացառության»,- ասված է հայտարարությունում:




Լրահոս