ԱԺ են ներկայացրել 2013թ. պետբյուջեի հաշվետվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, ազգային ժողովում ներկայացրել է 2013թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է մի քանի կարևոր ցուցանիշներ:

Մասնավորապես, 2013 թվականին համախառն ներքին արդյունքի աճը հանրապետությունում կազմել է 9.3%՝ արդյունաբերությունում 10%, գյուղատնտեսությունում 9.2% և շինարարությունում 18.5% աճով: Ըստ Ս. Թևոսյանի տեղեկատվության` ամբողջովին տրամադրվել է միջպետական վարկը` մոտ 39 մլրդ դրամ: Սեփական եկամուտները կազմել են մոտ 27 մլրդ 919 մլն դրամ` նախատեսվածի 88,6 տոկոսը, իսկ ծախսերը` 69 մլրդ 600 մլն դրամ, դեֆիցիտը կազմել է մոտ 2 մլրդ 500 մլն դրամ:

Ի լրումն Ս. Թևոսյանի հաշվետվության՝ վարչապետ Արա Հարությունյանը մի շարք հարցերի վերաբերյալ հանդես է եկել պարզաբանումներով: Մասնավորապես, անդրադառնալով հաշվետու տարում ներմուծման ծավալների նվազման պատճառներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ առաջնային պատճառը տեղական արտադրանքի ծավալների ավելացումն է, ինչի արդյունքում նախկինում ներմուծվող որոշ ապրանքների պահանջարկը բավարարվել է արցախյան ձեռնարկությունների կողմից: Ինչ վերաբերում է արտահանման ծավալների նվազման պատճառներին, վարչապետի խոսքով` դա պայմանավորված է եղել հանքարդյունաբերության ոլորտում նախատեսված մի քանի խոշոր ծրագրերի մեկնարկի Ժամկետների հետաձգմամբ և Դրմբոնի ոսկու հանքի արտադրության կտրուկ նվազմամբ:

Ա. Հարությունյանը ընդգծել է, որ այդ անկանխատեսելի հետաձգումը որոշ խնդիրներ է ստեղծել նաև բյուջեի` նախատեսված եկամուտների հավաքագրման գործում, որը, սակայն, գլխավորապես լուծվել է գյուղատնտեսության, էներգետիկայի և շինարարության ոլորտներում գրանցված նշանակալի աճի շնորհիվ: Կառավարության ղեկավարը, ի պատասխան քաղծառայողներին տրամադրվելիք սոցփաթեթի վերաբերյալ հարցին, ներկայացրել է գործադիրի դիրքորոշումը, այն է՝ հասցեական մոտեցում ցուցաբերել և նախատեսված գումարներով քաղծառայողներին լրացուցիչ աջակցություն տրամադրել նրանց վարկերի սուբսիդավորման, ուսանողական վճարների տրամադրման և այլ միջոցներով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի մասնակցությամբ լրացուցիչ քննարկումներ կազմակերպել սոցփաթեթի գումարների բաշխման մեթոդների վերաբերյալ: Պատգամավորները հետաքրքրվել են նաև ՀՀ-ից ամեն տարի ստացվող միջպետական վարկի հետ կապված հարցերով: Վարչապետը շեշտադրել է, որ ստացվող գումարի գերակշիռ մասը ԼՂՀ ներկրվող ապրանքների՝ ՀՀ մաքսակետերում գանձվող մաքսատուրքերի գումարն է, որը միջպետական վարկի տեսքով վերադարձվում է ԼՂՀ պետական բյուջե:

ԼՂՀ կառավարության մամուլի հաղորդագրություն 




Լրահոս