ՀՀԿ՞, ԹԵ՞ ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծես ուրվագծվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին: ՀՀԿ-ն անուղղակի ակնարկներ է անում այդ մասին, ԲՀԿ-ն բացահայտ է ասում:

ՀԱՐՑ. Ի՞նչ արդյունքներ կարձանագրեն իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններն առանձին ընտրացուցակներով ընտրություններին մասնակցելու դեպքում, եւ ով ինչքա՞ն ձայն կարող է հավաքել:

ՊԱՏԱՍԽԱՆ. «Բարգավաճ Հայաստան»-ը մշտապես ասել է, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք առանձին: Երբեւէ որեւէ քննարկում միասնական ցուցակի վերաբերյալ չի եղել: Ընտրությունների արդյունքները որոշելու է ժողովրդի տված քվեն:     

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռ շատ վաղ է այդ մասին խոսելու համար:

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Հայաստանում գոնե մեկ անգամ տեղի ունենան նորմալ, օրինական, արդար ընտրություններ, ապա կոալիցիոն ոչ մի կուսակցություն ագամ 5 տոկոսի շեմը չի կարողանա հաղթահարել: Վերջին 15 տարիներին մենք շատ լավ գիտենք, թե ինչ սկզբունքով են անցկացվում ընտրությունները, այս ամենն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ընտրություններից հետո կնկարեն թվեր, որոնք նախապես պայմանավորվածության արդյունք են, եւ այդ թվերը կհրապարակեն:

ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀԱԿ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամեն ինչ կախված է ազատ եւ արդար ընտրություններից, որքանով մենք կկարողանանք հասնել դրան, այդ դեպքում ես կարող եմ խոսել մեր հաղթանակի մասին: Եթե այս ընտրություններն ազատ եւ արդար լինեն, ժողովուրդն այս իշխանությանն ուղղակի երկու կնշանակի` դպրոցական տերմինաբանությամբ:

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես վերլուծություններ չեմ արել, բայց այս պահին հստակ է, որ իշխանություններն ունեն ավելի քիչ քվե, քան թե ընդդիմադիր հայացքներ կրող կուսակցությունները:

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես երբեւէ կանխագուշակումներով հանդես չեմ եկել եւ չեմ կարող, բայց կոալիցիոն բոլոր ուժերն էլ առանձին են հանդես գալու, ընտրությունները ցույց կտան` ով ինչքան ձայն կհավաքի:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս