«Պետական կադաստրում առաջընթաց կա` էապես բարձրացել է ծառայությունների որակը»: Հունվարի 19-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` կադաստրները հիմա անհամեմատ ավելի լավ են աշխատում եւ դա ոլորտում կատարված «բարեփոխումների» շնորհիվ է:
ՀՀ կառավարության ղեկավարին, սակայն, չէր խանգարի հայտարարություններ անելուց առաջ շրջել կադաստրի գրասենյակներում` համոզվելու համար` իսկապե՞ս ծառայությունների որակը բարձրացել է: Գյումրիում, օրինակ, օրեր շարունակ մարդկային կուտակումներ եւ հերթեր են, ինչն առաջացրել է կադաստր այցելող քաղաքացիների զայրույթը: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից կադաստրի համակարգում գործում են նոր կադաստրային միավորումներ` սպասարկման գրասենյակներ, որոնք ապահովում են կառույց դիմող քաղաքացիների դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի տրամադրումը: Այս փոփոխությունն, ըստ պատասխանատուների, պետք է նվազեցներ թղթատարական քաշքշուկը, կոռուպցիոն ռիսկերը: Սակայն երկրորդ շաբաթն է, որ խառնաշփոթ իրավիճակ է տիրում կադաստրի սպասարկման գրասենյակներում: Ամեն ինչ խառնվել է այն աստիճան, որ բնակիչները տեղյակ չեն, թե օրինակ ում են դիմելու բնակարանների առք ու վաճառքի գործարքի, շինությունների օրինականացման կամ տների սեփականաշնորհման ժամանակ:
Կադաստր այցելած քաղաքացիներին բացատրում են, որ քաշքշուկի պատճառն այն է, որ կադաստրի Գյումրու կենտրոնը պատասխանատու չունի, քանի որ կառույցի նախկին պետ Արա Առաքելյանը նշանակվել է կադաստրի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու: «Մեզ ի՞նչ հետաքրքիր է, թե ինչ օրենքներ ու թազա կարգեր են մշակում օրումեջ: Ես քանի՞ օր շարունակ դեռ պետք է գամ ու դատարկ ձեռքով հետ գնամ: Մարդկանց համբերությո՞ւնն են ստուգում»,-դժգոհում էր կադաստր այցելած Յուրա Գրիգորյանը: Իսկ Կիմա Սարգսյանը պատմեց, որ տասը օր շարունակ Գյումրու կադաստրում փաստաթղթային քաշքշուկների մեջ է: Թեեւ անցած տարի ձեռք է բերել իրեն պատկանող հողամասի օրինականացման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մասնագետներն էլ համապատասխան չափագրումները կատարել են, սակայն համակարգում տեղի ունեցած փոփոխություններից հետո բնակչուհին ստիպված է դարձյալ վճարումներ կատարել. «Ես ի վիճակի չեմ վճարել: Կըսեն կառավարությունն է որոշել, որ էլի պետք է մասնավոր մեկը գա, չափագրի: Դա օրե՞նք է, ես չեմ հասկանում»:
Մարզային կառույցի ղեկավար Արա Առաքելյանի գնահատմամբ` նոր փոփոխություններին բնակիչները դեռեւս չեն հարմարվում, եւ որ միայն դրանով է պայմանավորված սպասարկման կենտրոններում տիրող խառնաշփոթը: Պատասխանատուները վստահեցնում են, որ իրավիճակը շուտով կշտկվի, եւ մարդիկ կհասկանան, որ ոլորտում արված փոփոխություններն իսկապես նպաստելու են համակարգի առողջացմանը:
Գյումրի