Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ավանդական մասնակիցներին` բանակում սպանված զինվորների հարազատներին եւ փոխհատուցում պահանջող հաշմանդամ օդաչուներին, երեկ միացել էին նաեւ Եկմալյան 8, Փավստոս Բուզանդի 103, 105, 107 շենքի բնակիչները: Վերջիններս 2007թ-ին «Լիդեր Մոբայլ» ընկերության հետ պայմանագիր են կնքել, ըստ որի` համաձայն են իրենց բնակարանները պետության շահերի համար քանդել եւ փոխարենը ստանալ նոր բնակարաններ կամ իրենց հասանելիք գումարը: Ընկերության ղեկավար Տիգրան Մուշեղյանը խոստացել է նոր բնակարանների հարցը լուծել մեկ տարվա ընթացքում, սակայն մինչ օրս բնակիչներն ապրում են իրենց հարազատների տանը կամ վարձով, ոմանք էլ արդեն փլատակ դարձած շենքում:
Բնակիչներից Ժենյա Պարսամյանը, առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, կանգնած էր կառավարության շենքի դիմաց` ակնկալելով հարցի դրական լուծում: «Այս տարիների ընթացքում ծանր ապրելակերպի պատճառով կորցրեցի ամուսնուս, մեկ տարի առաջ էլ որդուս, ես էլ առողջություն չունեմ, ինչքա՞ն կարող եմ ապրել փլատակում, կռիսներով ու նույնիսկ օձերով լի այդ բնակարան կոչվածում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհում էր տիկին Ժենյան: Իսկ Հասմիկ Մացակյանը, այլ ելք չունենալով, իր երեք որդիների հետ ապրում է Առինջ գյուղում, մնացած բնակիչներն էլ ստիպված տեղափոխվել են վարձով բնակարաններում ապրելու:
Նշենք, որ Եկմալյան 8 շենքի բնակիչները 3 օր շարունակ ցույց են անում նախագահական նստավայրի մոտ: Նրանք ցանկացել են անգամ գիշերել դարպասների մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: 2006թ-ին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել նրանց հետ` շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն խաբված բնակիչները մինչ օրս բնակարան չեն ստացել, փոխարենը դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ է հարուցվել, իսկ Պապոյանը դիմել է փախուստի:
Բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետարան, դատարան, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել: Այսօր էլ կառավարության շենքի դիմաց նրանք ցանկանում էին իրենց հուզող հարցի պատասխանը ստանալ պաշտոնյաներից, սակայն եթե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոնե մի երկու րոպե լսեց բողոքողներին, ապա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նիստից հետո, կարելի է ասել, վազքով մոտեցավ մեքենային եւ չցանկացավ ականջալուր լինել իրեն դիմող մարդկանց: Դրանից հետո ցուցարարները շարժվեցին նախագահի նստավայր:
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ