ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ՏՄՊՊՀ-ն բացահայտել էր, որ կաթնամթերք արտադրող որոշ ընկերություններ («Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Անի») խաբում են սպառողներին եւ կոկոսի յուղով արտադրանք են վաճառում: Հիմա բոլոր սուպերմարկետներում այդ ընկերությունների կաթնամթերքը վաճառվում է: Հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք  ՏՄՊՊՀ-ն վերստուգել է, թե հիմա այդ արտադրանքն ինչ բաղադրություն ունի:

Մերի Բարսեղյան, 30 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ. Հանձնաժողովը կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող օրինախախտ ընկերություններին հանձնարարել է որոշման հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում վերացնել խախտումը եւ արտադրվող կաթնամթերքի բաղադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պահանջներին: Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը խախտումները հայտնաբերել է ընկերությունների մաքսային եւ ներքին շրջանառության փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում, եւ միայն որպես լրացուցիչ ապացույց` կաթնամթերքի որոշ նմուշներ հանձնվել են փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են նախապես փաստաթղթերով հայտնաբերված խախտումները: Հանձնաժողովը չունի սեփական լաբորատորիա, եւ նման դեպքերում փորձաքննությունը պատվիրվում է զուգահեռաբար մի քանի լաբորատորիաներում: Քանի որ սննդամթերքի որակի հետ կապված խնդիրներն առաջնահերթ գտնվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դաշտում, ապա հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ողջ փաթեթն ուղարկվել է վերոնշյալ պետական գերատեսչությանը:  «Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն իսկ պետբյուջե է վճարել տուգանքն ամբողջությամբ, «Մարիաննա» ընկերությունը որոշակի ժամկետ է խնդրել, որի ընթացքում պարտավորվել է վճարել տուգանքը, իսկ «Անի» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել հանձնաժողովին: Նշենք  նաեւ, որ ընկերությունները հանձնաժողովին տեղեկացրել են, որ ներկայումս իրենց արտադրանքի բաղադրության, հետեւապես նաեւ որակի հետ կապված որեւէ խնդիր գոյություն չունի, սակայն, որպես կանոն, հանձնաժողովը չի բավարարվում միայն տնտեսվարողի կողմից տրամադրված տեղեկատվությամբ եւ պետական այլ գերատեսչությունների հետ համագործակցության միջոցով հետեւողական է լինելու, որպեսզի խախտումն ամբողջությամբ վերացվի:  

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովի մամուլի
քարտուղար Գայանե Սահակյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենազավեշտալին 10-օրյա ժամկետն է, ինչը ենթադրում է, որ թունավոր սննդամթերք մատակարարող ընկերությունները եւս 10 օր կարող են սպառողների առողջությանը վնաս հասցնել:




Լրահոս