«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Օրը ցերեկով փոխհրաձգությունը զուտ հայաստանյան երեւույթ չէ. նրանք, ովքեր փորձում են դա ներկայացնել որպես տեղական յուրահատկություն եւ մեր երկրի կործանման ցուցիչ, չափազանցությունների մեջ են ընկնում, հավանաբար, քարոզչական նկատառումներով: Աշխարհի տարբեր պետութուններում, այդ թվում նաեւ՝ շատ զարգացած, չափազանց ժողովրդավարական եւ անչափ լեգիտիմ, նույնպես ցերեկը տեղի են ունենում կրակոցներ՝ հաճախ ավելի ողբերգական հետեւանքներով: Հայաստանում էլ է դա պատահում՝ հիշենք թեկուզ 2006 թվականի հունիսի 22-ին Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակի սպանությունը, որի ժամանակ դարձյալ, ցավոք սրտի, պատահական զոհ եղավ:
Քաղաքական խնդիր, այդպիսով, այստեղ չկա: Բայց առկա է շատ լուրջ հասարակական խնդիր: Երբ ինչ-որ մի խելագար ԱՄՆ-ում ինքնաձիգով մտնում է դպրոց եւ կրակ բացում ուսուցիչների եւ երեխաների վրա, մենք գործ ունենք Արեւմուտքում տարածված պաթոլոգիաների հետ: Երբ տարբեր երկրներում քրեական տարրերը փողի պատճռով իրար վրա են կրակում, դա հանրամատչելի կերպով կոչվում է «մաֆիոզ ռազբորկա»: Բայց այս՝ Վերնիսաժի կամ «Տեցի կրուգի» նման միջադեպերը տրամաբանական բացատրություն չունեն. դա հայաստանյան կամ գուցե տարածաշրջանային պաթոլոգիա է:
Մանրամասնները թերթի այսօրվա համարում։