Ընդդիմադիր` ըստ պատեհության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Մուշեղ Մկրտչյանի թեմային` անբացատրելի գորովանքով ավետելով, որ Ալբերտիչի վրա հանկարծ քաղաքական հայտնություն է իջել, եւ նա ոչ թե Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան 2-րդ քարտուղարն է, այլ ՀԱԿ ներկայացուցիչը Բրյուսելում: Դիվանագիտական առաքելության վերջին վայրկյաններն ու մանավանդ վերջին եվրոները սպառվելուն զուգահեռ` Մուշեղը հասկացել է, որ Բելգիայում մնալու այլընտրանքն ընդդիմադիր դառնալն է, քանի որ իշխանություններին անտրտունջ ծառայության օրինակ հանդիսացող նրա կենսագրությունը լիովին անպիտան կլիներ Բելգիայի միգրացիոն ծառայություններին ներկայացնելու համար: Ահա այսպես ստացվեց, որ մեկը մյուսի հետեւից հայտնվեցին Մուշեղի հարցազրույցները: Ընթերցողը, դեռ ուշքի չեկած այն ահռելի ուրախությունից, որ մի իշխանավոր էլ ընդդիմադիր դարձավ, մեկ էլ Մուշեղը հաջորդ ջախջախիչ հարվածն էր հասցնում քրեաօլիգարխիկ իշխանությանն ու աշխարհի բոլոր բռնակալներին: Բայց ուրիշ ի՞նչ կարող էր անել Մուշեղը: Կա՛մ ստիպված պիտի լիներ 2 կլոր տարի մնալ Երեւանում, կա՛մ ընդդիմադիր դառնալ: Ափսոս, չհասկացվեց` նա ՀԱԿ-ի կողմից է նշանակվել Կոնգրեսի ներկայացուցիչ, թե այնքան է համակվել ընդդիմադիր հայացքներով, որ բռնել ինքնահռչակվել է, որովհետեւ ոչ մի կերպ չհաջողվեց գտնել ՀԱԿ-ի հայտարարությունն առ այն, որ ընդդիմությունը որոշել է Բելգիայում ներկայանալ Մուշեղի դեմքով: Եթե 2009թ-ին ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը Սերժ Սարգսյանի դուռն էր գնացել` «էրեխու» համար մի հարմար գործ խնդրելու` հայրական ազնիվ մղումներով ու իր ջանքերը գնահատելու ակնկալիքով, թափուր լիներ Չինաստանում ՀՀ դեսպանատան 2-րդ քարտուղարի աթոռը, ուրեմն ընդդիմությունը հիմա ստիպված պետք է ՀԱԿ ներկայացուցչություն բացեր Պեկինում` Մուշեղի «խաթեր»: Եւ այդ ժամանակ վայն էկել էր տարել չինական հակաժողովրդավարական իշխանություններին, որովհետեւ հասուն, շատ հասուն տարիքում ազատության գաղափարները հանկարծ «հայտնաբերած» Մուշեղը հիմա Չինաստանում առնվազն հեղափոխական իրավիճակ էր ստեղծել: Ենթադրենք Մուշեղին շատ են կամեցել լավություն անել, թող անեին, բայց իրենց հաշվին, ոչ թե ամբողջ ընդդիմության: Որովհետեւ ընդդիմությունն իրավունք չունի մոռանալ, որ 2008թ-ի մարտի 1-ը ջրբաժան է: ՀԱԿ-ում մի՞թե որեւէ մեկը կարող էր մոռանալ, որ Մուշեղին ՀԱԿ ներկայացուցիչ նշանակելով` ապտակում ու վիրավորում են բոլոր նրանց, ովքեր տարիներով պայքարել են ռոբասերժական ռեժիմի դեմ… Համենայնդեպս, վիրավորվելու իրավունք եւ պատճառ ունեն հատկապես Մուշեղին իբրեւ համոզված իշխանասեր ճանաչող մարդիկ: Երեւի Մուշեղը համոզել է, որ մոնղոլ-թաթարական ռեժիմի դեմ պայքարելու համար ՆԱՏՕ-մատոներից արդիական սպառազինություն է «կպցրել», ասենք` մի երկու ջրածնային ռումբ… Կամ համոզել է, որ ՆԱՏՕ-ի զորքերն է բերելու, որ մեզ համար ազատագրեն Բաղրամյան պողոտան ու Սերժ Սարգսյանին էլ, ձեռնաշղթաներ հագցրած, տանեն գցեն Հաագայի զնդանները… Առանց շատ խմած լինելու, տեսնես ո՞վ է հավատացել, որ որեւէ մեկը կարող է մոտենալ ՆԱՏՕ-ի շենքին, էլ չասած մնացյալի մասին, որ ՆԱՏՕ-ն եւ որեւէ քաղաքական կուսակցություն երկու տարբեր հարթություններ են: Չնայած, մարդ ես, մեկ էլ տեսար` պարզվի, որ ՀԱԿ-ն է Մուշեղին գործուղել արտաքին գործերի նախարարություն, որ որպես պրովոկատոր` ներսից քայքայի հանցավոր բուրգը: Կամ` որպեսզի Մուշեղի միջոցով փորձարկի իշխանությունների հետ երկխոսությունը:Մուշեղը երեւի շատ պատկերավոր է ներկայացրել դիվանագիտական չարքաշ աշխատանքի տարիներին իր կրած հալածանքներըը… Մինչեւ իր դիվանագիտական առաքելության վերջին օրն աշխատելով եւ մոնղոլ-թաթարական իշխանության հանդեպ խորին արգահատանքով գրպանը դնելով մի քանի հազար եվրոյանոց աշխատավարձը, Մուշեղը որոշեց «հերոսաբար» մնալ Բելգիայում` օգտվելով դրա համար պահանջվող միակ` ընդդիմադիր դառնալու իր սահմանադրական իրավունքից… Եթե սուսուփուս աներ, էլի ոչինչ, բայց հեռակա կարեւոր ընդդիմադիր գրվելու փաստից ոգեւորված` սկսեց գործել… Ու հիմա հաջողությամբ պայքարում է Բելգիայում տարիներով ապրող եւ իսկապես ընդդիմադիր հայացքներով հայտնի հայերի դեմ: Այդ նպատակով “”Ֆեյսբուք””-ում զեղումներ է շաղ տալիս, թերթերում դատարկ մնացած սյունակներ փնտրում…Հնարավոր “”մարդասիրական”” հարձակմանն ի պատասխան (դե, մարդը վատառողջ է, թողեք մնա Բելգիայում, բուժվի)` նախ Մուշեղին եւ աշխարհի բոլոր հիվանդներին մաղթենք առողջություն, բայց նրանից առավել հիվանդ հազարավոր մեր հայրենակիցներ նույնպես Բելգիայում բուժվելու կարիք ունեն, հիմա ի՞նչ անենք, նրանց բոլորին նշանակենք ՀԱԿ-ի ներկայացուցի՞չ… Ի դեպ, նրանք հաճախ ավելի հետաքրքիր ու որոշ իմաստով ավելի ազնիվ պատմություններ են հորինում, քան ռեժիսորների մեջ դիվանագետ, դիվանագետների մեջ ռեժիսոր Մուշեղը:  Նրանից ժամանակին փրկվել է կինոարվեստը. Մուշեղը կինոժապավեն չի փչացրել, մի քիչ ուշացումով, բայց նրանից փրկվեց նաեւ հայկական դիվանագիտությունը: Հերթը ընդդիմությանն է… Ըստ Բելգիայում մեր աղբյուրի` տեղի հայերը լսել են, որ մոտակա օրերին ՀԱԿ գրասենյակից պատվիրակություն է գալու Բրյուսել, որպեսզի հանդիպի համայնքի հայերի հետ: Ու հիմա սպասում են, որ պատվիրակությունը գա, ու պահանջեն Մուշեղի «հրաժարականը» ՀԱԿ-ի ներկայացուցչի պաշտոնից, քանի որ իրենցից յուրաքանչյուրը Մուշեղից ավելի ընդդիմադիր է:   




Լրահոս