
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 17-ին Վերնիսաժին հարակից տարածքում տեղի ունեցած կրակոցները գալիս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում ՀՀ քաղաքացիները ապահովագրված չեն անգամ «էլիտար» փեսաներից: Շաբաթ օրվանից սկսած մայրաքաղաքում վախի մթնոլորտ է ստեղծվել: Սակայն երեկվա դրությամբ ձերբակալվել էր փեսաներից միայն մեկը՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը: Բանն այն է, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ կրակոցներին մասնակից է եղել նաեւ Գոռի եղբայրը` Գառնիկ Առաքելյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան է: Ու թեեւ Անդրանիկ Մանուկյանն ասել է, թե իր փեսան դեպքի ժամանակ տանն է եղել` թոռնիկի եւ դստեր հետ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Մանուկյանն անգամ աշխատանքի չի գնացել Կիեւում ու մեր տեղեկություններով՝ երեկ շտապ ժամանել է Հայաստան: Արդյո՞ք Վերնիսաժի միջադեպն է պատճառ եղել, թե՞ ոչ՝ դեռ հայտնի չէ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: