Քիչ առաջ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել հանուն Տիգրան Կարապետյանի:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Գորիսում տեղի էին ունենալու քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները չորսն էին` Գորիսի «Վարարակն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, անկուսակցական Հրայր Յոլյանը և Վաչագան Ադունցը, որը «Հայջրմուղկոյուղի» ընկերության Գորիսի մասնաճյուղի տնօրենն է, և որին տեղեկությունների համաձայն հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Էմիլ Բուդաղյանի խոսքով` իր որդին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել հանուն իր մոտ ընկերոջ` Գորիսի քաղաքապետի մյուս թեկնածու Տիգրան Կարապետյանի:
«Բայց հիմա Տիգրանն է հայտնվել ճնշումների տակ»,-ասաց Արա Բուդաղյանի հայրը` հավելելով, որ չի բացառվում` Տիգրան Կարապետյանը ևս ինքնաբացարկի դիմում ներկայացնի:
Պրն Բուդաղյանից հետաքրքրվեցինք` իսկ միգուցե ճնշումներ են գործադրվել Արա Բուդաղյանի վրա ինքնաբացարկի դիմում գրելու համար: «Ոչ, նման բան չի եղել, իմ որդուն ոչ ոք չի կարող ճնշել, դա իր անձնական ցանկությունն է եղել»,- եզրափակեց Էմիլ Բուդաղյանը:
Սոնա Դավթյան