«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցությունից հիասթափված լինելու և հեռանալու մասին լուրերին, ասաց, որ այդ լուրերը պայմանավորված են նրանով, որ ինքը զբաղվում է հետազոտական-վերլուծական կենտրոն ստեղծելու աշխատանքներով: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղել Ստեփան Սաֆարյանի մտադրության մասին:
Ամիսներ առաջ արդեն կենտրոնի կանոնադրության աշխատանքներն արդեն սկսվել են. կենտրոնն արդեն գրանցված է:
Ինչ վերաբերում է կուսակցության ներսում առկա տարաձայնություններին, Ստեփան Սաֆարյանի խոսքով` կարծիքների տարբերություններ որոշ հարցերի շուրջ եղել են, բայց դա սարսափելի չի եղել:
«Եղել են շատ որոշումներ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, բայց քանի որ դա եղել է մեծամասնության դիրքորոշումը, ես պաշտպանել եմ»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:
-Այնուամենայնիվ, լքելո՞ւ եք կուսակցությունը:
-Ոչ, կուսակցությունից հեռանալու որոշում չեմ կայացրել: Եթե նման բան լիներ, ես դրա մասին կբարձրաձայնեի:
-Փաստորեն կգա մի պահ, որ կուսակցական աշխատանքը կմղեք երկրորդ պլան և կզբաղվեք Ձեր կենտրոնի աշխատանքներով:
-Այս պահի դրությամբ այդ երկու աշխատանքները միմյանց չեն հակասում, բայց քանի որ այդ կենտրոնի աշխատանքները բավական աշխատատար են, հնարավոր է վերլուծական կենտրոնի աշխատանքներն ազդեն կուսակցական գործունեության վրա:
Սոնա Դավթյան