«Այսօր իմ և ամուսնուս խաչերով լուսանկարների հրապարակումը, ղեկավարող կուսակցության ներկայացուցիչների և Ակադեմիայի աշխատակիցների հայտարարություններն այն մասին, որ մենք հայրենիքի դավաճաններ ենք` բացահայտ բռնության կոչ է»,- REX լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:
Իրավապաշտպանը նշել է, որ ինքը բացահայտորեն քննադատում է ադրբեջանական դպրոցական գրքերի հեղինակներին, որոնք երեխաներին 10 տարեկանից ներշնչում են, որ ադրբեջանցիների թշնամիները քրիստոնյաներն են, իսկ հայերին անվանում են՝ «անհավատներ սև հագուստով»:
«Պատմական գիտությունների դոկտորիս համար, անհասկանալի է, որ դպրոցական դասագրքերում կարող է գրված լինել, որ Ադրբեջանում մուսուլմանների բաժանումը շիիական և սուննիական ուղղությունների, տեղի է ունեցել քրիստոնյաների, մասնավորապես հայերի մեղքով»,- նշում է Յունուսը:
Վերջինս նշել է նաև, որ ինքն արդեն սկսել է վախենալ իր երկրի ապագայի համար:
Լեյլա Յունուսը հիշեցրել է, թե ինչպես մի ժողովի ժամանակ, անկիրթ մի ադրբեջանցի, կոչ է արել հաշվեհարդար լինել քրիստոնյաների, հատկապես հայերի հետ:
«Իմ կողքին նստած էր ամբողջ երկրում հանրահայտ մի ռեժիսոր, ես խնդրեցի իրեն հայտարարությամբ հանդես գալ և կանգնեցնել այդ զառանցանքը: Արվեստի վաստակավոր գործիչը պատասխանեց, որ չի տիրապետում ադրբեջաներենին այնքան լավ, որպեսզի կարողանա տեղը դնել հաշվեհարդարի կոչ անողին. ռեժիսորի ձեռքերը դողում էին:
Այդ ժամանակ ինքս ռուսերենով ելույթ ունեցա ու արտահայտեցի կարծքիս բռնության կոչ անողի մասին: Բնականաբար ելույթս ընդհատեցին և բռնուցքներով սկսեցին սպառնալ: Բայց, ինչպես գիտենք, պոգրոմի սիրահարները քաջ են միայն այն դեպքում,երբ դիմադրություն չեն տեսնում»,- ասել է Լ. Յունուսը:
Ադրբեջանցի իրավապաշտպանը շեշտել է այն հանգամանքը, որ ներկայիս ռեժիմին բնակչությանը շեղելու և կառավարելու համար արտաքին թշնամի է պետք:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել էին իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսին՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը: Նրանք պետք է թռչեին Փարիզ, այնուհետ Բրյուսել՝ ԵՄ-ի հրավերով միջազգային միջոցառման մասնակցելու: Լ. Յունուսը հարցաքննման էր տարվել Ադրբեջանի Գլխավգոր դատախազության հատուկ ծանր գործերով քննչական բաժին, որտեղ նրան պահել էին 9 ժամ:
Նրա հետ ձերբակալված ամուսինը հոսպիտալացվել էր նախաինսուլտային վիճակով:
Բացի այդ, Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություններ էր անկացրել Յունուսների տանը և ՄԻՊ-ի գրասենյակում:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Նիլս Մուժեյնիկսը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանում և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսին են Նորվեգական Հելսինկյան կոմիտեն, Human Rights Watch-ը, Freedom House-ը, Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան, դատապարտեցին իրավապաշտպան Յունուսի ձերբակալությունը:
Ավելի վաղ,Բաքվում ձերբակալվել էր «Զերկալո»-ի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որին մեղադրել էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: