Խորհրդարանն այսօր քննարկում էր պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի:
Հիմնական զեկուցող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը երբեք չի կորցրել իր ակտուալությունը:
«Այսօր ԱԺ-ում ներկայացված բոլոր ոչ քաղաքական ուժերը կողմ են այդ փոփոխությանը, բացի Հանրապետական կուսակցությունից: Ինչու է այդպես, որովհետև խնդիրն այն է, որ վերացվելու է մեծամասնական ընտրակարգը: Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում է իշխանությունների վերարտադրումը»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, և որևէ ընտրական համակարգ չի կարող նորմալ համարվել, եթե չի ապահովում հիմնական խնդիրը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգը գերակշիռ մասով ապահովել է իշխանության թեկնածուների ընտրությունը:
«Մենք մեծամասնություն չենք, որովհետև 41 բոնուսային մանդատները իշխանությունը իր գրպանում միշտ ունի: Պարզ է, որ իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, ահա ինչու հանրապետականները միշտ դրան դեմ կլինեն: Քանի դեռ մենք դրանից չենք հրաժարվել, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը: