Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 20-ին տեղի է ունեցել 28+1 ձեւաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը եւ հույս է հայտնել, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին եւ այդ համատեքստում կարեւորեց Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ են ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի եւ Դաշինքի միջեւ 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը եւ արձանագրված արդյունքները:
Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:
Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: