Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 2014թ. ապրիլի 14-ին մուտքագրված Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 մլրդ 207 մլն 755 հազար 909,51 ՀՀ դրամ գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիրի հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ գրավի առարկայի անբավարարության դեպքում` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա:
Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում 15.04.2014թ. վերսկսվել է հայցի ապահովման վերաբերյալ նախկինում ավարտված կատարողական վարույթը, և 16.04.2014թ. որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին` կատարողական թերթում նշված գույքի գնահատման նպատակով:
Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ ապահովող ծառայությունից, փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19 մլրդ 350 մլն ՀՀ դրամ` ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
Պարտապան «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաբերյալ 20.05.2014 թվականի դրությամբ ԴԱՀԿ ծառայությունում առկա են բռնագանձման այլ կատարողական վարույթներ ևս` ընդհանուր 511 մլն 992 հազար 968 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով: