Ընդամենը երկու օր անց` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, եւ ի վերջո պարզ կդառնա` արդյոք այս ամբողջ գործընթացը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական կամպանիայի մի մասն էր, թե ավելի լուրջ աշխարհաքաղաքական զարգացման դրսեւորում: Եթե մինչեւ հունվարի 18-ը կանխատեսումները հիմնականում հոգուտ օրինագծի ընդունման էին, ապա Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից օրինագիծը հակասահմանադրական ճանաչվելուց հետո լավատեսական սպասելիքները որոշակիորեն նվազեցին:
Այդուամենայնիվ, փորձագետներից շատերի կարծիքով, այս անգամ Սենատում առկա քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու հարցի վերաբերյալ նրանց հայտարարած դիրքորոշումն առավել քան երբեւէ նպաստավոր են օրինագծի ընդունման համար. սենատորական 348 տեղերից 262-ը զբաղեցնող իշխող UMP-ն եւ սոցիալիստները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին:
Իհարկե, առկա են նաեւ որոշ սրացված խնդիրներ` ի դեմս Իրան-Արեւմուտք հարաբերությունների` վերջին օրերի ծայրահեղ լարման: Այս իրավիճակն, ինչ խոսք, հոգուտ Թուրքիայի է, որի նշանակությունը հակաիրանական զարգացումների ֆոնին շեշտակի բարձրանում է, հետեւաբար, ՖՀ Սենատը թերեւս մեկ անգամ եւս կմտածի նման կարեւոր դաշնակցի հետ հարաբերությունները եթե ոչ խզելուց, ապա ծայրահեղ վատթարացնելուց առաջ: Առավել եւս, որ նույն օրը ԵՄ-ն քննարկելու է նաեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ինչեւէ, օրինագծի ճակատագիրը պարզ կդառնա արդեն երկուշաբթի օրը: Եւ, որքան էլ ցանկանանք, միեւնույն է, կայացվելիք որոշման վրա այլեւս որեւէ ազդեցություն ունենալ չենք կարող: Ընդ որում, հայկական դիվանագիտության` գործընթացի վրա մինչ այդ ունեցած ազդեցությունը եւս բավական կասկածելի է` չնայած այն փաստին, որ ՖՀ խորհրդարանի կողմից օրինագիծն ընդունելուց հետո իշխանական քարոզչությունը ջանք ու եռանդ չէր խնայում այդ փաստն իբրեւ մեր արտաքին քաղաքական գերատեսչության տքնաջան աշխատանքի արդյունք ներկայացնելու համար: Եւ հիմա հետաքրքիր է, եթե այնուամենայնիվ, Սենատը չընդունի օրինագիծը, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի իշխանական քարոզչամեքենայի եւ հայրենի ԱԳՆ-ի արձագանքը: Անկասկած կասվի, որ այդ հարցում անգամ ամենահանճարեղ դիվանագիտական աշխատանքն անզոր էր, քանի որ առկա էին աշխարհաքաղաքական մեծ շահեր եւ թուրքական դիվանագիտության գործադրած ահռելի լոբբինգն ու ծախսած միլիոնները: Իսկ եթե, տա Աստված, օրինագիծն ընդունվի, բնականաբար, Էդվարդ Նալբանդյանը կարմրաթուշ դեմքով ու փայլող աչքերով կշտապի բոլոր դափնիները վերագրել հայոց նախաձեռնողական դիվանագիտությանն ու Սերժ Սարգսյանի վարած հմուտ արտաքին քաղաքականությանը: Ինչպես ասում են, հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը որբ է: Սակայն սա այն դեպքն է, երբ մենք ազգովի փափագում ենք տեսնել Նալբանդյանի կարմրաթուշ դեմքի ինքնագոհ արտահայտությունն ու լսել Սարգսյանի վարած հանճարեղ արտաքին քաղաքականության մասին հեքիաթները:
ՓԱՓԱԳՈՒՄ ԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ