Հայրենադարձված 22-ամյա գերին վերջնականապես չի առողջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Ադրբեջանից վերադարձված հայ գերի Արսեն Խոջոյանը դեռևս վերջնականապես չի կազդուրվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, ում փոխանցմամբ` որդին բուժզննում է անցել, և պարզվել է, որ նա առայժմ պետք է շարունակի բժիշկների հսկողության տակ լինել:

«Բժիշկներն ասել են` վիճակը բավարար է: Բայց դեռ պիտի բուժվի: Հիմա թույլ ա, ախորժակը բացվել ա, բայց դեռ չի կարողանում շատ շարժվի, աշխատի»,- տեղեկացրեց հայրենադարձված գերու մայրը` միաժամանակ նշելով, որ եթե նշանակված դեղորայքը չօգնի, Խոջոյանը անպայման Երևանում բուժզննում կանցնի:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ  22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում: 

Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ վերջերս ադրբեջանական գերությունից ազատված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը մահացել է:

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ավելի քան մեկ շաբաթ Մամիկոն Խոջոյանը գիտակցության չի եկել:

«Ո՛չ հաց է կերել, ո՛չ մարդ է ճանաչել, մի շաբաթ անգիտակից վիճակում է եղել»,- հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը:

Տեղեկացնենք, որ քիչ հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես կներկայացնի հայրենադարձված գերու դիահերձման արդյունքների պատասխանը:

Լուսանկարը` ԳԱԼԱ-ի:

Տաթև Հարությունյան




Լրահոս