ԲՀԿ-ի գործով առաջին դատական նիստը՝ հունիսի 24-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Նարեկ Ալոյանի հայցն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջին դատական նիստը կկայանա սույն թվականի հունիսի 24-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ հայցի հիմքը ԲՀԿ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության իրավունքների և պարտականությունների անբարեխիղճ կատարումն է:

Հայցվոր Նարեկ Ալոյանը Armlur.am-ին հայտնեց, որ 5 անգամ տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ԲՀԿ համապատասխան ստորաբաժանմանը, սակայն ոչ մի անգամ պատասխան չի ստացել:

Նշենք, որ տեղեկատվություն ստանալու օրենքի պահանջների համաձայն` հարցվող կողմը պարտավոր է օրենքով սահմանած կարգով և ժամկետներում պատասխանել հարցերին: Սակայն իրավաբան Նարեկ Ալոյանի բոլոր հարցերն անպատասխան են մնացել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Armlur.am-ին հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով, իհարկե, ԲՀԿ ներկայացուցիչը մասնակցելու է Ն.Ալոյանի հայցը քննության առնող դատական նիստի աշխատանքներին: Տոնոյանի փոխանցմամբ` հենց նիստի ժամանակ էլ կներկայացվեն հայցի հետ կապված առարկություններն ու հակափաստարկները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցն այժմ դատարանում է՝ խորհուրդ կտայի տարատեսակ մեկնաբանություններ ու դատողություններ չանել այս հարցի հետ կապված, քանի որ եթե շատ հակիրճ բնորոշելու լինեմ Նարեկ Ալոյանի հայցադիմումը, ապա պետք է ասեմ, որ այն տեղավորվում է բացառապես աբսուրդի տիրույթում և հանրության համար դա ապացուցելը առանձնակի դժվարություն չի ներկայացնելու»,- այսպես գնահատեց իրավիճակը Գագիկ Ծառուկյանի խոսնակը:

Տաթև Հարությունյան




Լրահոս